Եթե նկատել եք այս 2,5-3 տարվա ընթացքում այս իշխանությանը ներվում էր ամեն ինչ Արեւմուտքի կողմից, ինչ ասես՝ անում էին, Սահմանադրական դատարանը քանդելով, դատարանների ճնշումներով, մեկը բերանը չէր բացում։ Այս մասին այսօր` հունվարի 27-ին, 3 լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասաց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` պատասխանելով այն հարցին, թե արդյոք այս ամենը պլանավորված է եղել 10 տարի առաջ:

«Կան աշխարհաքաղաքական կենտրոններ, որոնց ուժեղ Հայաստանը, որը նաեւ դաշնակից է Ռուսաստանի հետ, խանգարում է։ Սա փաստ է, եւ չեմ կարծում, որ որեւէ մտածող մարդ կարող է այն հերքել։ Եվ հետեւաբար, այո, աշխատանք միշտ էլ գնում էր այդ ուղղությամբ։ Հիմա դա եղել է 2007-2008 թվականներին, թե ավելի ուշ կամ շուտ, չեմ ուզում դրա վրա կենտրոնանալ, որովհետեւ ես նման ապացույցներ չունեմ։ Միայն վերլուծությամբ եւ փաստերը համադրելով կարող ենք գալ նման եզրակացության։ Բայց իմ տպավորությունը, այո, այդպիսին է։ Ես միշտ այդ վերաբերմունքը տեսել եմ։ Եթե նկատել եք՝ այս 2,5-3 տարվա ընթացքում այս իշխանությանը ներվում էր ամեն ինչ Արեւմուտքի կողմից, ինչ ասես՝ անում էին, Սահմանադրական դատարանը քանդելով, դատարանների ճնշումներով, մեկը բերանը չէր բացում։ Դրա կեսի կեսի կեսը աներ յուրաքանչյուր նախկին իշխանություն, ուղղակի կուտեին։ Եվ սա լավագույն ցուցիչն է, թե ով ինչ շահեր է հետապնդում»,-ասաց նա։