Հակասեմականությունը շարունակում է «վարակել և տարածվել» նույնիսկ 21-րդ դարում․ դրա դեմ պատվաստանյութ չկա, Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրվա կապակցությամբ հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն:

«Հունվարի 27-ին աշխարհը պաշտոնապես հիշում է վեց միլիոն հրեա տղամարդկանց, կանանց և երեխաներին, որոնք Հոլոքոստի ժամանակ գազանաբար սպանվել են նացիստների և նրանց հանցակիցների կողմից։ Մենք հիշում ենք մարդկության պատմության մեջ այդ ամենամռայլ էջը, որի ժամանակ եվրոպական երկիրը որոշեց միչև վերջ իրականացնել բոլոր հրեաների ոչնչացման ծրագիրը»,- ասել է Իսրայելի վարչապետը:

Նրա խոսքով՝ «հարյուրամյակներ շարունակ հակասեմականությունը համատարած ամրապնդվել է ամբողջ Եվրոպայում։ 21-րդ դարում հակասեմականության հիվանդությունը շարունակում է վարակել և տարածվել, հակասեմականությունը գոյություն ունի Արևմուտքի հարուստ երկրներում և Արևելքի զարգացող երկրներում, դա Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության պաշտոնական քաղաքականությունն է․ հակասեմականության դեմ պատվաստանյութեր դեռևս չեն հայտնաբերվել»։

«Բայց Հոլոքոստի ժամանակ հրեաները տուն չեն ունեցել, պետություն չեն ունեցել, անպաշտպան են եղել և ուրիշներին են խնդրել պաշտպանել իրենց, իսկ այսօր մենք ամուր արմատավորված ենք մեր հինավուրց հողում, մենք ուժեղ ենք և ազատ մեր անկախ պետությունում»,-ասել է նա։