Ճգնաժամային երևույթներն ու հակասություններն աշխարհում հղի են ավանդական արժեքների և հիմնարար ազատությունների կործանմամբ, մշակույթի և քաղաքակրթության ամբողջական «մայրցամաքների» կորստով: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, նման հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովում:

Ինչպես կարծում է ՌԴ ղեկավարը, միջազգային հակասությունների սրման պարագայում «հավանականություն կա բախվելու համաշխարհային զարգացման իրական կործանմանը, որը հղի է բոլորը բոլորի դեմ կռվի վտանգով, ինչպես նաև բախվելու հասունացած հակասությունները ներքին և արտաքին թշնամիներ փնտրելով լուծելու փորձերին, ոչ միայն ավանդական արժեքների կործանմանը, ինչպիսին է ընտանիքը, այլ նաև հիմնարար ազատությունների, այդ թվում՝ ընտրելու իրավունքի և անձնական կյանքի անձեռնմխելիության»:

ՌԴ նախագահի խոսքով՝ «սոցիալական և արժեքային ճգնաժամն արդեն հանգեցնում է բացասական ժողովրդագրական հետևանքների, ինչի պատճառով մարդկությունը կանգնած է ամբողջական քաղաքակրթություններ և մշակութային մայրցամաքներ կորցնելու վտանգի առաջ»։

Պուտինը նշել է քաղաքականության 4 առաջնահերթություններ, որոնք կապահովեին կայուն և ներդաշնակ զարգացումն աշխարհում: Դրանք են հարմարավետ կացարանը, պատշաճ աշխատավարձերն ու թոշակները, որակյալ բժշկությունն ու կրթությունը: