Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը մասնակցել է Լենինգրադի պաշարման ավարտի 77-ամյա տարեդարձին նվիրված հանդիսավոր արարողությանը: Քաղաքապետը և Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը ծաղիկներ են դրել Արաբկիրի մանկական այգում գտնվող Լենինգրադի երեխաներին նվիրված հուշարձանի առաջ:

Արարողությանը մասնակցել են Երևանի ավագանու անդամներ, Հայրենական մեծ պատերազմի վետերաններ, Երևանի Ա. Պուշկինի և Ա. Բլոկի անվան դպրոցների սաներ:

Հայրենական մեծ պատերազմի ընթացքում 872 օր՝ 1941 թվականի սեպտեմբերի 8-ից մինչև 1944 թ. հունվարի 27-ը տևած Լենինգրադի պաշարմանը զոհ է գնացել շուրջ 630 հազար խաղաղ բնակիչ: Քաղաքի ազատագրմանը մասնակցել է 100 հազար հայ, որոնցից շուրջ 20 հազարը զոհվել է: Պաշարման ընթացքում Լենինգրադի 7 մանկատների և գյուղական մանկապարտեզների 500 երեխա տարհանվել և ապաստան է գտել Հայաստանում:

Իր խոսքում քաղաքապետ Հայկ Մարությանը նշել է, որ պաշարված Լենինգրադի ժողովրդի սխրանքը պետք է վառ օրինակ ծառայի ներկա և գալիք սերունդների համար: