Թայվանի բնակիչը տուգանվել է 1 մլն թայվանական դոլարով ($35,000) տնային կարանտինը պարբերաբար խախտելու համար:

Ինչպես հաղորդում է CNN-ը, տղամարդը, որի անունը չի նշվում, բնակվում է Թայվանի կենտրոնական շրջանում: Վերջինս կարանտին անցնելիս է եղել իր բնակարանում Չինաստանի մայրցամաքային հատված կատարած բիզնես-ուղևորությունից վերադառնալուց հետո և առնվազն 7 անգամ խախտել է կարանտինը:

Տեղի լրատվամիջոցների տեղեկություններով՝ տղամարդը 3 օրվա ընթացքում 7 անգամ դուրս է եկել բնակարանից՝ գնալով գնումների, մեքենան վերանորոգման տանելու և այլ նպատակով: Նշվում է, որ այդ ընթացքում նա շփում է ունեցել իր հարևաններից մեկի հետ:

Թայվանցին տուն է վերադարձել հունվարի 21-ին, իսկ պարտադիր կարանտինի ժամկետը 2 շաբաթ է:

Տուգանքից բացի, որն առավելագույնն է Թայվանում սահմանված տուգանքներից, տղամարդը պետք է օրական 107 դոլար վճարի իր կարանտինի արժեքի համար: Թայվանի կառավարությունը փոխհատուցում է կարանտինի ժամանակահատվածը՝ օրական 35 դոլար վճարելով: