Բացարձակապես նման հարց չկա, և այդ մասին բոլոր ասեկոսեները Արցախի իշխանությունները քանիցս հերքել են։ Արձագանքելով սոցցանցերում շրջանառվող լուրերը, թե  Ստեփանակերտի հարակից բնակավայրեր հնարավոր է ադրբեջանցի փախստականների վերադարձ, 168.am-ին ասել է  Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Վահրամ Պողոսյանը:

«Բայց կա տպավորություն, որ ոչ միայն ադրբեջանական կողմը, այլև ներքին ինչ-որ ապակառուցողական ուժեր հետևողական կերպով փորձում են հանրության մեջ խուճապ տարածել: Չենք բացառում նաև, որ նման աբսուրդ տեղեկատվական հոսքերն ուղղորդվում են ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից: Ամեն դեպքում, այդ ապատեղեկատվության հարցն իշխանությունների ուշադրության կենտրոնում է, և Ազգային անվտանգության ծառայությունն այդ ուղղությամբ զբաղվում է», ասել է Վահրամ Պողոսյանը:

Ըստ Վ․Պողոսյանի՝  Հանրապետության նախագահի մակարդակով այդ հարցին արդեն տրվել է հստակ պատասխան.

«Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի կարող լինել: Մենք շարունակելու ենք ռուսական խաղաղապահ զորակազմի անվտանգային երաշխիքներով կառուցել մեր անկախ պետականությունը: Իսկ ադրբեջանցի փախստականների վերադարձ մեր վերահսկողության տակ գտնվող տարածքներ պարզապես բացառվում է, և այդպիսի հարց մեզ հետ չի էլ քննարկվել: Մենք շատ լավ հասկանում ենք դրա հետևանքները, և բացառվում է, որ Արցախի իշխանությունները նման բանի համաձայնվեն: Կրկնում եմ` նման հարց օրակարգում չկա և չի էլ կարող լինել, իսկ դիտավորյալ ապատեղեկատվություն տարածողները պարզապես զբաղված են հանցավոր գործունեությամբ», ասել է Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետը: