Այսօր՝ հունվարի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրակարր ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ Արարատ գյուղի եկեղեցու փողոցում ավտոմեքենա է այրվում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության թիվ 24 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 48-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, հրդեհ է բռնկվել Արցախի Հանրապետության բնակիչ, 51–ամյա Սասուն Հակոբյանի վարած ВАЗ 21214 մակնիշի 77 CG 577 համարանիշի ավտոմեքենայում՝ ընթացքի ժամանակ:

Մինչ հրշեջների ժամանումը, վարորդը փորձել է մարել հրդեհը, ինչի հետևանքով էլ այրվածքներ է ստացել:

Ժամանած հրշեջները մարել են կրակը, սակայն ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի:

Օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արարատի բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը նրան տեղափոխել է «Արարատ» բժշկական կենտրոն, տեղում ցուցաբերել են առաջին անհրաժեշտ օգնությունը, որից հետո տեղափոխել են Երևանի «Այրվածքաբանության Ազգային Կենտրոն» ՓԲԸ, որտեղ բժիշկները նրա վիճակը գնահատել են ծանր:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2 սպայական գումարտակի 1-ին վաշտի 2 դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խոմբը՝ բաժնի պետ Վահագն Գրիգորյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ ոստիկանության Արարատի բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: