Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանն այսօր ընդունել է Երեւանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալ Մաքսիմ Լոնգանգեին։

Փոխնախարար Գրիգորյանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի եւ Երեւանյան գրասենյակի հետ համագործակցությունը, ընդգծել դրա արդյունքում իրականացված եւ իրականացվող ծրագրերի կարեւորությունն ու փոխգործակցությունը շարունակելու պատրաստակամություն է հայտնել։

Մաքսիմ Լոնգանգեն շնորհակալություն է հայտնել փոխնախարարին ընդունելության համար եւ շեշտել, որ Արդարադատության նախարարությունը ԵԽ երեւանյան գրասենյակի բարեփոխումների ծրագրերի հիմնական գործընկերն է։

Եվրոպացի գործընկերոջ հետ զրույցում Քրիստիննե Գրիգորյանը ներկայացրել է Հայաստանի դատաիրավական եւ հակակոռուպցիոն ոլորտներում իրականացվող բարեփոխումների վերջին զարգացումները, մասնավորապես՝ անդրադարձել հակակոռուպցիոն դատարանների, Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծման ուղղությամբ տարվող աշխատանքներին, քրեական արդարադատության ոլորտում ընթացող միջոցառումներին, էլեկտրոնային արդարադատության գործիքների ներդրման ծրագրերին եւ այլն։

Արդարադատության փոխնախարարը վերահաստատել է մարդու իրավունքների ոլորտում Հայաստանի ստանձնած հանձնառությունները ու նշել, որ, չնայած դժվար ժամանակներին, ՀՀ կառավարությունը շարունակում է առաջ շարժվել եւ իրականացնել բոլոր ոլորտային ռազմավարություններով նախատեսված միջոցառումները։

Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են նաեւ «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրի շրջանակում առաջիկայում նախատեսվող ղեկավար հանձնաժողովի նիստի օրակարգային հարցերը եւ համագործակցության հեռանկարները։