ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի մեկնաբանությունը՝ իր «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» ձևակերպման վերաբերյալ, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ոչ միայն անբավարար, այլև հանցանքը ծանրացնող է համարում:

«Երեկվա «հոգեդարձի» հարցազրույցում պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն անդրադարձել է իր հայտնի «նոր պատերազմ՝ նորտարածքներ» բանաձևին և տվել մոտավորապես հետևյալ բացատրությունը՝ «դե բան էր՝ ասել եմ, էլի. ի՞նչ եք կախվել էդ խոսքերից»։ Սա շատ կարևոր հարց է, և արժանի է հատուկ դիտարկման։ Ավելին, միջանցքում մնացած մեր պետականության ապագան պայմանավորված է նաև այն հարցի պատասխանից, թե արդյո՞ք մեզ համար բավարար է Տոնոյանի բացատրությունը և ինչու՞ է բավարար, կամ անբավարար», — ֆեյսբուքյան էջում գրել է Մելիքյանը:

Մելիքյանը կարծում է, որ այդ բացատրությունը ոչ միայն անբավարար է, այլև հանցանքը ծանրացնող է։

«Ես ճանաչում եմ շատ կոնկրետ մարդկանց, որոնք վստահելով Տոնոյանի այդ հայտնի «խոստմանը»՝ կամավոր մեկնել են ճակատ, որ «նոր տարածքներ» ազատագրեն, սակայն օրեր անց զոհվել են, քանի որ ճակատում եղել է բառդակ ու անտերություն ու քանի որ նրանց ո՛չ սաղավարտ են տվել, ո՛չ էլ զրահաբաճկոն։ Ի՞նչ է ստացվում։ Ստացվում է, որ Տոնոյանի այդ «բանաձևը» կոնկրետ մարդկանց մահվան պատճառ է դարձել, իսկ հիմա նա ասում է՝ «դե բան էր՝ ասեցի»։ Ավելին, այդ դատարկ հոխորտանքի համար ժամանակին նույն Տոնոյանը բազում «լայքեր» ու «սրտիկներ» է ստացել, ուստի պետք է դրանք «վերադարձնել»: Յուրաքանչյուր հայաստանցի ու, հատկապես Տոնոյանի պատճառով զոհվածների մերձավորները, իրավունք ունեն շատ կոնկրետ ու շատ «ցավոտ» հարցեր ուղղել իրեն Ռեմբոյի տեղ դրած այդ դատարկաբերան ոչնչությանը», — գրել է նա: