Շուշիի շրջանի Մեծ Շեն գյուղ է վերադարձել ընդամենը 20 բնակիչ, իսկ դպրոցն այդպես էլ չի բացվել։ Այս մասին NEWS.am-ին պատմեց գյուղապետ Դավիթ Դավթյանը։

«Դպրոցը չի բացվել, քանի որ երեխա չի եկել։ Դե բնակչությունն էլ չի գալիս, որովհետեւ ապահով չի, հիմա Ղարաբաղում ապահո՞վ է։ Չեն ուզում վտանգի տակ դնել իրենց երեխաներին։ Գարնանային աշխատանքները կսկսվեն, գուցե որոշները վերադառնան»,- ասաց գյուղապետը։

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Շուշիի բնակչության 90 տոկոսը ադրբեջանցիներ են եղել եւ հարցին՝ արդյոք իրենց գյուղում ադրբեջանցիներ ապրե՞լ են, Դավթյանն ասաց. «Շուշիում 80-ականներին ադրբեջանցիները մեծամասնություն են կազմել։ Որպես Շուշիի գյուղ մեր գյուղում ընդհանրապես ադրբեջանցի չի ապրել։ Անհասկանալի է, թե ինչու է այդպիսի բան ասում։ Ինքն էլ չի հասկանում՝ ինչ է ասում, խոսում է, էլի։ Մենք պատմություն ունենք, խաչքարեր ունենք, ոնց եղավ, որ թուրքերինն է»։

Շուշիի շրջանի Հին Շենի գյուղապետ Սամվել Սարգսյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ գյուղի դպրոցը բացվել է, գյուղացիների մի մասն էլ վերադարձել են.

«Հիմա որտե՞ղ է ապահով, որ մեր գյուղում էլ հանգիստ լինի։ Այս պահին նորմալ վիճակ է, հետագան էլ ոնց կլինի՝ չեմ կարող ասել։ Գյուղացիների կեսն այստեղ են, վերադարձել են»։

Արդեն զինադարարից հետո խաղաղության պայմաններում ադրբեջանական կողմին անցած՝ Հադրութի շրջանի Հին Թաղեր գյուղի գյուղապետ Էդիկ Այվազյանն էլ նշեց, որ բնակչության հիմնական մասը Երեւանում է, ինքն էլ բոլորի հետ կապ հաստատում է. «Հույս ունենք, որ պայմանագիրը կչեղարկվի, եւ մեր գյուղը կվերադարձնեն։ Դրա համար էլ դեռ հույսով սպասում ենք»։

Նշենք, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո Խծաբերդ եւ Հին Թաղեր գյուղերը ն հանձնվեցին Ադրբեջանի վերահսկողությանը։ Ինչ վերաբերում է Մեծ Շեն և Հին Շեն գյուղերին, դրանք մի քանի օր մնացին ադրբեջանական շրջափակման մեջ, մինչև ռուս խաղաղապահների միջնորդությամբ ապաշրջափակվեցին։ Խծաբերդը պահող պահեստազարայինները գերեվարվեցին, մինչև օրս նրանցից 62–ը գերության մեջ են։