Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը մտահոգություն է հայտնել Մարսելի հայկական եկեղեցու վրա թուրք-ադրբեջանական հարձակման դեպքով:

 Դեսպանությունը նշել է, որ պետք է բացառել նման ոտնձությունները:

«Հարձակումը Մարսելի հայկական եկեղեցու մշակութային կենտրոնի վրա խիստ մտահոգություն է առաջացնում։ Վերահաստատում ենք, որ ազգային պատկանելության հիմքով և ատելությամբ հրահրված ցանկացած արարք, ինչպիսիք վերջին շրջանում Ֆրանսիայում հայերի և հայկական մշակութային ժառանգության դեմ թուրք-ադրբեջանական ոտնձգություններն էին, պետք է բացառվի»,- ասված է գրառման մեջ:

Անհայտ անձինք հունվարի 24-ին՝ ժամը 18:40-ին կրակել են Մարսելի «Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ» մշակույթի կենտրոնի ուղղությամբ: Մշակույթի կենտրոնը հայկական կազմակերպությունների համակարգման կենտրոնակայանն է: Արցախյան պատերազմի ժամանակ այն համակարգում էր Մարսելից և Ֆրանսիայի հարավից Հայաստան ուղարկվող մարդասիրական օգնությունը: Մինչ այս նմանօրինակ դեպքեր տեղի են ունեցել Բեռլինում, Սան Ֆրանցիսկոյում, Փարիզում և Դեսինում, երբ վանդալիզմի էր ենթարկվել Կոմիտասի արձանը և Ցեղասպանության հուշահամալիրը: Այս գործողություններում ներգրավված էր «Գորշ գայլեր» թուրքական ծայրահեղ ազգայնական խմբավորումը, որը լուծարվել է Ֆրանսիայում: