Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդը հաստատել է նոր կառավարությունը, որը ձևավորել են աջ լիբերալ Բարեփոխումների կուսակցությունը և Ցենտրիստական կուսակցությունը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով նախագահի գրասենյակի հայտարարությունը:

Նշվում է՝ նոր կառավարությունում Ցենտրիստական կուսակցությունից շրջակա միջավայրի նախարար է դարձել Թինիս Մելդերը, մշակույթի նախարար՝ Աննելի Օտտը, էկոնոմիկայի և ենթակառուցվածքների նախարար՝ Թաավի Աասը, պետական կառավարման նախարար՝ Յաակ Աաբը, ՆԳ նախարար՝ Կրիստյան Յաանին, առողջապահության և աշխատանքի նախարար՝ Թանել Կիյկը, իսկ ԱԳՆ-ն ղեկավարել է Էվա-Մարիա Լիյմետսը: Բարեփոխիչներից Քեյթ Պենտուս-Ռոզիմանուսը դարձել է ֆինանսների նախարար, Սինգե Ռիյսալոն՝ սոցիալական գործերի նախարար, Կալե Լաանետը՝ պաշտպանության նախարար, Ուրմաս Կրուզեն՝ գյուղական կյանքի նախարար, Լիյնա Քերսնան՝ կրթության և գիտության նախարար, Անդրես Սուտտը՝ արտաքին առևտրի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար, իսկ Մարիս Լաուրին՝ արդարադատության նախարար:

Նշենք՝ կառավարության հաստատումը տեղի է ունեցել տեղի ժամանակով առավոտյան 8:44-ին: Նոր կառավարության նախարարները մինչև օրվա վերջ կերդվեն Ռիյգիկոգուում: