Սպիտակ տան նախկին մամուլի քարտուղար Սառա Սանդերսը մտադիր է իր թեկնածությունն առաջադրել Արկանզասի նահանգապետի պաշտոնում, հաղորդում է Politico թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրները։

Թերթը նշում է, որ այսօր Սանդերսը կհայտարարի նահանգապետի պաշտոնում առաջադրվելու որոշման և նախընտրական արշավի մեկնարկի մասին:

Politico-ի տեղեկություններով՝ Սպիտակ տան նախկին ներկայացուցիչը վաղուց էր մտադիր առաջադրվել նահանգապետի ընտրություններում, որոնք նշանակված են 2022 թվականի նոյեմբերին։ Գործող նահանգապետ Ասա Հաթչինսոնն այդ պաշտոնը զբաղեցնում է 2015 թվականից և այլևս չի կարող առաջադրվել:

Սառա Սանդերսը հանրապետական Մայքլ Հաքաբիի դուստրն է, որը 1996-2007 թվականներին ղեկավարել է Արկանզասը։

Սանդերսը Սպիտակ տան մամուլի քարտուղարի պաշտոնում նշանակվել է 2017 թվականի հուլիսին։ 2019 թվականի հունիսի 13-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Սպիտակ տան մամուլի քարտուղարը կլքի իր պաշտոնը։ Ընդ որում, նա հույս էր հայտնել, որ Սանդերսն իր թեկնածությունը կառաջադրի Արկանզասի նահանգապետի պաշտոնում: