Արարատի մարզի Ուրցաձոր համայնքի ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանի վերաբերյալ քրեական գործը դատարանում է։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական-տեղեկատվական համակարգից։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Ռաֆիկ Անդրեասյանը 1996 թվականից զբաղեցնելով Ուրցաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը, «Սահմանադրության, «հողային օրենսգրքի եւ տեղական ինքնակառավարման մասին «օրենքի համաձայն’ հանդիսանալով պաշտոնատար անձ, շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ:

Անդրեասյանը տեղեկանալով, որ «Օրանժ Արմենիա» ՓԲ ընկերությունը («ՅՈԻՔՈՄ» ՍՊԸ) նպատակ ունի Ուրցաձոր համայնքի վարչական տարածքում տեղագրել կապի ենթակառուցվածքի օբյեկտ հանդիսացող ալեհավաք-կայան, եւ այն տեղագրելու համար ընկերությունը ցանկանում է Ուրցաձոր համայնքում համապատասխան հողատարածք վարձակալել, դրա վարձակալության դիմաց ապագայում ընկերության կողմից վճարվելիք գումարներն իր ընտանիքին փոխանցելու եւ այդ գումարները սեփական կարիքների համար տնօրինելու շահադիտական շահագրգռվածությունից ելնելով, նախապես տեղյակ լինելով ընկերության կողմից ալեհավաք-կայանը տեղագրելու համար ընտրված կոնկրետ տարածքի տեղակայման վայրը, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ եւ 2010 թվականի հուլիսի 20-ին իր կին Լիդա Խաչատրյանի հետ կնքել է անշարժ գույքի վարձակալության պայմանագիր, որով վերջինս 25 տարի ժամկետով տարեկան 1.200 ՀՀ դրամով Ուրցաձոր համայնքից վարձակալել է համայնքի տարածքում գտնվող մեկ հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության արոտ հանդիսացող 359-019 կադաստրային ծածկագրով հողամասը, որն իր մեջ ներառել է ընկերության կողմից ընտրված տարածքը:

Դրանից կարճ ժամանակ անց՝ 2010 թվականի օգոստոսի 5֊ին, տասը տարի ժամկետով կնքված ենթավարձակալության պայմանագրով Լիդա Խաչատրյանը նշված մեկ հա հողատարածքից 150 մ2 մակերեսով տարածքն ամսական 50.000 « դրամով հանձնել է «Օրանժ Արմենիա» ՓԲ ընկերությանը («ՅՈԻՔՈՄ» ՍՊԸ), որից հետո Ուրցաձոր համայնքի ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանի կողմից 2010թ. օգոստոսի 9-ին տրված շինարարության թույլտվության հիման վրա «Օրանժ Արմենիա» ՓԲ ընկերության կողմից նշված’ գյուղատնտեսական նշանակության «արոտ» գործառնական նշանակությամբ հողատարածքի վրա, հողամասի նպատակային նշանակության խախտմամբ տեղադրվել է կապի ենթակառուցվածքի օբյեկտ հանդիսացող ալեհավաք կայան: Արդյունքում ենթավարձակալության պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից’ 2010թ. օգոստոսի 9-ից, մինչեւ 2020թ. հուլիսի 1-ը հիշյալ ենթավարձակալության պայմանագրով նախատեսված’ ամսական 50.000 ՀՀ դրամի չափով վարձավճարի գումարներն ընկերության կողմից փոխանցվել են վարձատու Լիդա Խաչատրյանի հաշվին, իսկ վերջինիս մահվանից հետո՝ ենթավարձակալության պայմանագրում փոփոխություն կատարելու մասին 18.11.2016թ. համաձայնագրի հիման վրա, այդ գումարները շարունակել են փոխանցվել Ռաֆիկ Անդրեասյանի ու Լիդա Խաչատրյանի որդի Դավիթ Ռաֆիկի Անդրեասյանի հաշվին:

Ռաֆիկ Անդրեասյանի վերը նշված արարքների հետեւանքով էական վնաս է պատճառել Ուրցաձոր համայնքի իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաեւ համայնքի համար առաջացել են ծանր հետեւանքներ, այն է’ նշված ժամանակահատվածում ենթավարձակալ «Օրանժ Արմենիա» ՓԲ ընկերության («ՅՈԻՔՈՄ» ՍՊԸ) կողմից վարձակալ Լիդա Խաչատրյանին /Դավիթ Ռաֆիկի Անդրեասյան/ վճարված ընդհանուր առմամբ 5.935.464 ՀՀ դրամ գումարը չի մուտքագրվել Ուրցաձորի համայնքապետարանի բյուջե, այլ փոխանցվել եւ տնօրինվել է համայնքի ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանի ընտանիքի կողմից: