Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի կառավարությունները դատապարտել են անօդաչու սարքի միջոցով Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադին հարվածելու փորձը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«ԵՄ երկրներ Ֆրանսիան, Գերմանիան եւ Միացյալ Թագավորությունը վճռականորեն դատապարտում են 2021 թվականի հունվարի 23-ին Էր Ռիադին ավիահարված հասցնելու փորձը: Հրթիռների ու անօդաչու թռչող սարքերի տարածումն ու օգտագործումը խաթարում է տարածաշրջանում անվտանգությունն ու կայունությունը, որի պահպանմանը մենք լիովին հավատարիմ ենք: Մենք նաեւ վերահաստատում ենք Սաուդյան Արաբիայի անվտանգության եւ տարածքային ամբողջականության ապահովման մեր հաստատակամ նվիրվածությունը»,- ասվում է փաստաթղթում:

Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի պետական հեռուստատեսությունը հաղորդել էր, որ արաբական կոալիցիայի ուժերը որսացել են անօդաչու թռչող սարք, որը պետք է հարվածներ հասցներ Էր Ռիադին: Հաղորդվում է, որ այն նախաձեռնել են եմենցի հութի ապստամբները «Անսար Ալլահ» շարժումից, որի ներկայացուցիչները հերքում են միջադեպին իրենց առնչությունը:

Եմենում 2014-ի օգոստոսից շարունակվում է դիմակայությունը կառավարական ուժերի եւ հութիների միջեւ: Այն իր ամենաակտիվ փուլն է մտել 2015-ի մարտին՝ երկիր Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի ներխուժմամբ: Ավելի քան հինգ տարի տեւած հակամարտությունը ստեղծել է աշխարհում ամենամեծ հումանիտար ճգնաժամը: Ըստ ՄԱԿ-ի, ավելի քան 24 միլիոն եմենցիներ՝ երկրի բնակչության մոտ 80%-ը, մարդասիրական օգնության կարիք ունի, իսկ ներքին տեղահանվածների թիվը գերազանցում է 3 միլիոնը:

Հութիները գրեթե ամեն օր գրոհներ են իրականացնում, նրանց հիմնական թիրախը մնում է Սաուդյան Արաբիան եւ դրա ենթակառուցվածքները, այդ թվում՝ նավթային: Տարիների ընթացքում թագավորության ՀՕՊ ուժերը խոցել են հարյուրավոր բալիստիկ հրթիռներ եւ ականապատել անօդաչու թռչող սարքեր, ինչպես նաեւ ոչնչացրել են պայթուցիկներով լցված տասնյակ նավակներ: