ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակվելու մասին տեղեկությունը անակնկալի է բերել իշխանական խմբակցության պատգամավորներից շատերին, ովքեր միմյանց հետ խոսելիս անգամ կատակ են արել, թե նմանվել են Արմեն Սարգսյանին և անգամ թիմում տեղի ունեցող կարևորագույն փոփոխությունների մասին տեղեկանում են մամուլից։ Նիկոլ Փաշինյանի՝ միանձնյա որոշումներ կայացնելու գործելաոճը սկսել է դուր չգալ իմքայլականներից շատերին, ովքեր նեղսրտած են, որ դուրս են մնում քաղաքական որոշումներ կայացնելու գործընթացից։

ՔՊ-ականներից ոմանց զայրացրել է նաեւ այն հանգամանքը, որ դերասան Գնել Սարգսյանը ընտրվել է կուսակցության խորհրդի անդամ։ Նրանք հասկացել են, որ հերթական անգամ հայտնվել են ծիծաղելի իրավիճակում, քանի, որ հանրության մեծ մասը ծիծաղում է իրենց վրա։ Դեռ երեք տարի առաջ հասարակության լայն զանգվածի սերն ու աջակցությունը վայելող քաղաքական ուժը վերածվել է ամենօրյա քննարկման և ծիծաղի առարկա։

Irakanum.am-ի աղբյուրների փոխանցմամբ իշխող քաղաքական ուժի խմբակցությունում չեն դադարում տարբեր խոսակցություններն այն մասին, որ այս կերպ իրենք երկար չեն ձգի և առաջարկել են արտահերթ ընտրություններն արագացնել։ Բացի այդ խմբակցությունում առկա է ներքին լարվածություն, որն էլ հաճախ վերածվում է «ռազբորկայի»։

Օրեր առաջ մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ սուր վիճաբանություն է տեղի ունեցել իմքայլական Մարիա Կարապետյանի և Արփի Դավոյանի միջեւ։ Հիմա էլ հակասություններ կան պատգամավորների միջեւ, պայմանավորված Լիլիթ Մակունցի՝ Հայաստանից հեռացնելու և ԱՄՆ-ում արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու հետ։ Առավել ակտիվ է խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը, ով դեռ Մակունցը չհեռացած փորձում է զբաղեցնել նրա տեղը։
Փաշինյանի թիմակիցներից ոմանք նաեւ հիշեցրել են Վարազդատ Կարապետյանին։ Վերջինս հիշեցնենք գործուղվեց Չինաստան, այն բանից հետո, երբ հորինել էր անանուն նամակագրություն իր և բժիշկ ընկերոջ միջև, հերոսացնելով Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին։ Յուրայիններին ապահով հեռացնելու Փաշինյանի քայլերն ավելի են արագացնում քայլականների՝ խմբակցությունից մեկ քայլ հեռանալը։

Irakanum.am