Երբ տղաների հետ խոսում ենք, հասկանում ենք, որ չի աշխատել մեր հրետանին, այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ասաց Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը։
«Շուշիի պաշտպանությունը պետք է կազմակերպվեր Հադրութից։ Հադրութից պետք է մտածեինք, որ գալիս են։ Ամեն անգամ նշում էին, թե նահանջում ենք, որպեսզի ռմբակոծենք, որպեսզի օղակի մեջ գցենք, սրանց վերջը տանք, բայց նահանջելով եկան հասան Քարին տակ՝ Շուշիի մատույցները», — ասաց Արծվիկ Սարգսյանը։
Նա ասաց, որ երբ գնացել են դիրքը պաշտանելու, տեսել են, որ արկերը եղել են, ականանետը՝ ոչ։
«Երբ տղաների հետ ենք խոսում, հասկանում ենք, որ չի աշխատել մեր հրետանին։ Էն դիրքը, որտեղ գնացել ենք նոյեմբերի 5-ին դիրքավորելու, տեսել ենք մինամյոտները չկան, սնարյադները կան, մինամյոտը չկա։ Եթե լիներ, կաշխատեր և՛ ճանապարհի վրա, և՛ Քարին տակի վրա ու ջախջախեր դրանց։ Գալիս եմ նրան, որ այդ ամենը կազմակերպված է եղել, գալիս եմ նրան, որ հրամանատարություն չի եղել, չի կազմակերպել այդ ամենը, դրա համար ունեցել ենք այսպիսի հետևանքներ», — ասաց քաղաքապետը։
Անդրադառնալով փախստականների խնդիրներին՝ քաղաքապետն ասաց, որ նրանք շատ են.
«Ճիշտ է՝ կան կազմակերպություններ, բարի մարդիկ, որ օգնում են, բայց այդ այն չէ, ինչով պետք է ապահովված լինեն փախստականները։ Որտեղ էլ որ նրանք բնակվում են, լինի Արցախում, թե Հայաստանում, վարձու բնակարաններն աստղաբաշխական թվեր են կազմում։
Աջակցության ծրագրերի գումարներից 18-58 տարեկան տղամարդիկ չեն օգտվում։ Մի քանի անգամ հարցը բարձրացրել եմ, ասում են՝ թող տղամարդիկ գնան աշխատեն։ Բայց որտե՞ղ աշխատեն։ Տարբեր կազմակերպություններ Ստեփակերտում սնունդ են բաժանում, բայց այդ գործընթացը կարգավորված չէ պետականորեն։ Պետք է տեր կանգնենք մարդկանց, իրենք մեղավոր չեն, որ տուն ու տեղ թողել են։ Վաղը, մյուս օրը իրենց երեխաներն են մեր պետությանը տեր կանգնելու», — ասաց Արծվիկ Սարգսյանը։