Այսօր՝ հունվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:

Ժամը 19:30-ի սահմաններում, Վայոց ձորի մարզի Ելփին գյուղի բնակիչ, 29-ամյա Վաղարշակ Խաչատրյանը՝ Երևան-Երասխ ավտոճանապարհի 27 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, իր վարած Porsche Cayenne մակնիշի 11 XՏ 117 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին և մոտ 160 մետր մի քանի պտույտ շրջվելով, գլխիվայր հայտնվել դաշտում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Վ. Խաչատրյանը օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արտաշատի թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարների խմբի պետ Սերգեյ Սեխլեյանի գլխավորությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից, և օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտաշատի հիվանդանոցի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունը ստանալուց հետո շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորին հիվանդանոց է ուղեկցել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանը:

Դեպքի վայր են ժամանել նույն դասակի ծառայողները՝ ավագ տեսուչ Արտյոմ Բեկլարյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Արման Գաբրիելյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, այնուհետև ճանապարհային ոստիկանների ու քաղաքացիների օգնությամբ քարշակի միջոցով դարձի են բերել ավտոմեքենան և տեղափոխել անվտանգ վայր:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով