Ռուսաստանը ողջունում է Միացյալ Նահանգների քաղաքական կամքն ուղղված Ռազմավարական հարձակողական զենքի հետագա կրճատման և սահմանափակման միջոցառումների մասին պայմանագրի (СНВ-3) երկարաձգմանը,  բայց ամեն ինչ կախված է այս առաջարկի մանրամասներից: Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Ռուսաստանը հանդես է գալիս СНВ-3-ի պահպանման և այս պայմանագրի երկարաձգման օգտին, որպեսզի ժամանակ ստանա համապատասխան բանակցությունների և շփումների անցկացման համար: Մենք միայն կարող ենք ողջունել այդ փաստաթղթի երկարացման բուն քաղաքական կամքը, բայց ամեն ինչ կախված է այս առաջարկի մանրամասներից, որոնք պետք է ուսումնասիրել»,-ասել է Կրեմլի խոսնակը:

Պեսկովը նշել է, որ «այստեղ շատ կարևոր է հաշվի առնել միմյանց մտահոգությունները և Ռուսաստանի դիրքորոշումը, որը լավ հայտնի է այս հարցում»: Նա դժվարացել է պատասխանել այն հարցին, թե արդյո՞ք Մոսկվան դիվանագիտական խողովակներով արդեն ստացել է պայմանագիրը երկարաձգելու պաշտոնական առաջարկ. «Ես դեռ տեղեկություն չունեմ այդ հարցի վերաբերյալ,  մանրամասների դեռ չեմ տիրապետում»:

Կրեմլի խոսնակը հավելել է, որ Մոսկվան դեռ չգիտի «կոնկրետ ինչի մասին է պատրաստ խոսել ամերիկյան կողմը»: «Մենք ունենք մեր սեփական դիրքորոշումը, լավ հայտնի և հետևողական, որից այն կողմ չենք կարող գնալ», — ասել է նա:

Մեկնաբանելով Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Պսակիի այն խոսքերը, որ Բայդենը կողմ է պայմանագրի երկարաձգմանն առանց որևէ փոփոխության և պայմանների, Պեսկովն ասել է. «Մինչ այժմ այդ մասին խոսակցություն չի եղել, երկարաձգման համար առաջադրվել են որոշակի պայմաններ, պայմանները բացարձակապես չէին համապատասխանում մեզ, ուստի եկեք նախ ծանոթանանք նրան, թե ինչ են առաջարկում ամերիկացիները, ապա մեկնաբանություններ կտանք»: