ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն այսօր՝ հունվարի 22-ին, ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինիի գլխավորած պատվիրակությանը։

Ողջունելով հյուրերին, նախարարը շնորհակալություն է հայտնել հանդիպման նախաձեռնության համար, ապա ընդգծել, որ շրջակա միջավայրի կառավարման գործում շատ կարեւորում է միջազգային գործընկերների, եվրոպական երկրների, մասնավորապես` ԵՄ անդամ երկրների հետ սերտ համագործակցությունը։

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինն իր հերթին շնորհակալություն է հայտնել հետպատերազմյան այս դժվարին ժամանակահատվածում հանդիպման առաջարկն ընդունելու համար։

Հանդիպման ընթացքում քննարկվել են շրջակա միջավայրի ոլորտում Հայաստան–ԵՄ համագործակցության մի շարք հարցեր եւ առաջիկա ծրագրեր։

Նախարարն անդրադարձել է 44-օրյա պատերազմին, որը հանգեցրել է ոչ միայն մարդկային, հումանիտար կորուստների, այլեւ առաջ է բերել լուրջ բնապահպանական հիմնախնդիրներ եւ որոշակի փոփոխությունների ենթարկել շրջակա միջավայրի ոլորտում նախանշած առաջնահերթությունները։

Նախարարը ներկայացրել է պատերազմի հետեւանքով առաջացած բնապահպանական ռիսկերի վերաբերյալ միջազգային կառույցներին, այդ թվում՝ ԵՄ անդամ երկրների դեսպաններին ուղղված ահազանգերը եւ նամակները։

Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրել է շրջակա միջավայրի ոլորտում առաջնային լուծում պահանջող թոփ 3 հիմնախնդիրները՝ Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնում, անտառածածկ տարածքների, անտառների եւ բնության հատուկ պահպանվող տարածքների համակարգային կառավարում, պաշտպանություն ու պահպանություն եւ բնության հատուկ պահպանվող տարածքներում բիզնեես-միջավայրի ու շրջակա միջավայրի բալանսավորված հարաբերությունների ճիշտ մոդելի կառուցում։

Նախարարն ընդգծել է, որ բոլոր նախանշած ուղղություններում ԵՄ-ն ունի մեծ փորձ, եւ հենց այդ փորձի ներդրումն ու գործուն առաջկցություն են ակնկալում գործընկերներից։

Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը վստահություն է հայտնել, որ մարտահրավերների՝ պատերազմին եւ COVID-19 համավարակի հետեւանքներին միաժամանակ դիմակայած Հայաստանը կարճ ժամանակում կկարողանա վերականգնման ուղիով ընթանալ եւ կյանքի կոչել նախանշված ծրագրերը։։

Դեսպանն ընդգծել է ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ընձեռած հնարավորությունների շրջանակը՝ եւս մեկ անգամ շեշտելով ԵՄ պատրաստակամությունը՝ աջակցել ՀՀ կառավարությանը իր առաջնահերությունների արդյունավետ իրականացման գործում։

Եզրափակելով հանդիպումը, նախարար Պետրոսյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ գործընկերներին եւ իր պատրաստակամությունն հայտնել էլ ավելի խորացնել համագործակցությունը ՝ հանուն ավելի առողջ եւ պաշտպանված շրջակա միջավայրի։