SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 21-ին, ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ, ստացված օպերատիվ տվյալներն իրականացնելով, Օշական գյուղում հայտնաբերել և Ոստիկանության Աշտարակի բաժին են բերման երթարկել նույն գյուղի բնակիչներ 20-ամյա Գեղամ Ալավերդյանին և 17-ամյա Հովհաննես Ալավերդյանին։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, վերջիններս կասկածվում են նույն օրը Աշտարակ քաղաքում՝ Միկոյան եղբայրներ 33 հասցեին հարակից տարածքում, Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի բնակիչ 19-ամյա Արմեն Սարգսյանի հետ վիճաբանության մեջ մտնելու և նրան սպանելու մեջ։ Գ․Շամշյանի տեղեկություններով՝ սպանության կասկածանքով Գ․Ալավերդյանը, քննիչի որոշմամբ, ձերբակվել է, իսկ Հ․Ալավերդյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ բնակության վայրից չհեռանալը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 21-ին, սպանություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 13:50-ի սահմաններում «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել տղայի դի: Հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ: ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մկրտիչ Ստեփանյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի բնակիչ, 19-ամյա Արմեն Սարգսյանն էր: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ նրա կրծքավանդակի և որովայնի հատվածներում կան սուր, կտրող-ծակող առարկայի հարվածից ստացած հետքեր: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ դանակի մահացու հարվածները նրան պատճառվել է Աշտարակ քաղաքի Միկոյան եղբայրներ, 33 հասցեին հարակից տարածքում: Փաստի առթիվ Արագածոտնի մարզային քննչական վարչության պետ Սամվել Սիմոնյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ և քննչական խմբի ղեկավար է նշանակվել Մ. Ստեփանյանը, ում որոշմամբ էլ ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: