ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի խոսքով՝ Վարդենիսում «ՎիվաՍել ՄՏՍ» բջջային կապի հետ կապված խնդիրներ կան, կապն անհասանելի է բնակչությանը: Խնդրի հետ կապված նամակ է հղել ընկերության գլխավոր տնօրենին և սպասում է պատասխանին:

«Տեխնիկական խնդիրներ կան,  նաև վնասվածքներ: Ձնառատ եղանակներն ըստ էության խանգարում են ընկերության աշխատակիցներին, որպեսզի նրանք տեղ հասնեն և լուծում տան խնդիրներին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց պատգամավորը:

Նա հույս հայտնեց, որ առաջիկայում բնակիչների համար այդ խնդիրը կլուծվի, քանի որ Վարդենիսում ամենաշատ ծածկույթն ապահովում է «ՎիվաՍել ՄՏՍ» ընկերությունը:

Անդրադառնալով բնակիչների այն բողոքներին, որ Քարվաճառի ճանապարհը պետք է հայկական կողմն օգտագործի՝ ռուս խաղաղապահների վերահսկողության տակ,  Թագուհի Թովմասյանն ասաց, որ կարդալով նոյեմբերի 9-ի չարաբաստիկ փաստաթուղթը, կարող է մեկ եզրակացություն անել, որ բոլորը խոսում են և բոլոր փաստաթղթերը խոսում են այն մասին, որ պետք է ապաշրջափակում լինի, այդ թվում՝ պետք է ապաշրջափակվեն այն ճանապարհները, որոնք անցնում են Արցախով:

«Վարդենիսից, Մարտունիից շատ մարդիկ աշխատում են Արցախում, որոնք 80  կմ ճանապարհի փոխարեն՝ օգտագործում են 400 կմ ճանապարհն իրենց աշխատանքին հասնելու համար: Մեր արտգործնախարարությունն օր ու գիշեր պետք է ջանք չխնայի՝ հարցը կարգավորելու համար: Ադրբեջանը չի կարող և չպետք է դեմ լինի ապաշրջափակմանը»,- շեշտեց Թագուհի Թովմասյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում