«Հրապարակ» թերթը գրում է. «2020 թվականի սեպտեմբերի 19-ին «Հրապարակը» գրել էր, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ ստեղծվել է «Տրանսպորտի եւ առեւտրի 2020-2040 թթ. ռազմավարության» մշակման աշխատանքները համակարգող խումբ, որում ընդգրկված 5 փոխնախարարներին ղեկավարում է Ավինյանի խորհրդական Բագրատ Բադալյանը: Կառավարման համակարգում այս որոշումը ոչ միայն անհեթեթ է, այլեւ վի­րավորական ու սուբորդինացիան խախտող, քանի որ խորհրդականը չի կարող փոխնա­խարարից բարձր լինել եւ համակարգել նրանց աշխատանքը:

Այսօր արդեն պարզ է, որ այս կառա­վարությունում դա սովորական բան է. Նիկոլ Փաշինյանն էլ 2021 թ. հունվարի 15-ին աշխատանքային խումբ է ստեղծել՝ սեպտեմբերի 27-ից մինչեւ նոյեմբերի 9-ը Արցախի Հանրապետության նկատ­մամբ սանձազերծված ռազմական գործողությունների եւ նոյեմբերի 9-ին ՀՀ վարչա­պետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի եւ ՌԴ նախագահի հայտարարության դրույթների իրագործման հետեւանքով ՀՀ Սյունիքի մարզում առկա եւ հնարավոր խնդիրների բացահայտման եւ օպերատիվ արձագանքման ուղղությամբ տարվող աշխատանքները համակարգելու նպատակով:

Խմբում ներկայացված են ավելի քան մեկ տասնյակ կառույցների ղեկավարնե­րի տեղակալներ, որոնց կառավարելու է վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը: Այս պարագայում եւս գործ ունենք նույն անհեթեթության հետ, որովհետեւ խորհրդականը չի կարող փոխնախա­րարից բարձր լինել:

Այս խմբում ընդգրկված է նաեւ վարչապետի գլխավոր խորհրդա­կան, ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանը: Պաշտոնյա, ով 2020 թվականի դեկտեմբերի 1-4-ը գործուղվեց Սյունիք, բայց թե ինչու, ինչ արեց կամ ինչ չհասցրեց անել՝ մնաց անհայտ:
Ստացվում է՝ Սյունիքի հարցերով զբաղվող աշխա­տանքային խմբում վարչապետի խորհրդա­կանը ղեկավարելու է վարչապետի գլխավոր խորհրդականին, մեկ տասնյակ փոխնախա­րարի, ԱԱԾ տնօրենի տեղակալին, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալին ու այլ բարձրաստիճան պաշտոնյաների: Ո՞վ է Ռոբերտ Ղուկասյանը: Մասնագիտությամբ կենսաբան Ղուկասյանը մինչեւ թավշյա հեղափոխությունը աշխա­տել է Կալավանի, ապա՝ ճամբարակի համայնքապետարաններում, եղել է համայնքապետի խորհրդական եւ մի մեծ թռիչքով հայտնվել է կառավարությունում «հպարտ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում