Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը հունվարի 21-ին ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության Ստեփանակերտի գրասենյակի ղեկավար Բերտրան Լամոնին:

Արտակ Բեգլարյանը, արդյունավետ համարելով ԿԽՄԿ առաքելության ներգրավվածությունը առկա որոշ մարդասիրական մարտահրավերների հաղթահարման գործում, հետաքրքրվել է հատկապես գերիների վերադարձման ու անհայտ կորածների ճակատագրերի պարզման ուղղությամբ ԿԽՄԿ ջանքերից՝ ընդգծելով կառույցի կարևոր դերակատարությունն այդ կենսական հիմնախնդիրների լուծման հարցում: Նա շեշտադրել է Ադրբեջանի վրա միջազգային հանրության բազմակողմանի, ակտիվ ու գործնական ճնշման հրամայականը՝ հաշվի առնելով այդ երկրի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումները նույնիսկ պատերազմական գործողությունների ավարտից հետո:

Բերտրան Լամոնը ներկայացրել է ԿԽՄԿ առաքելության ընթացիկ ու պլանավորվող աշխատանքներն Արցախում՝ շեշտադրելով իրենց պատրաստակամությունն աջակցելու պետական հաստատություններին տարբեր մարդասիրական հիմնախնդիրների լուծման ու տեղական կարողությունների զարգացման հարցում:

Կողմերը մտքեր են փոխանակել համագործակցության օրակարգի տարբեր հարցերի շուրջ՝ ձեռք բերելով կոնկրետ պայմանավորվածություններ և երկուստեք կարևորելով համակարգված ջանքերն առկա մարդասիրական հիմնախնդիրների արդյունավետ լուծման ուղղությամբ: