Այո, ընդհանուր առմամբ շարունակում է անհանգստացնող մնալ եւ Ադրբեջանի ղեկավարության հռետորաբանությունը, որն ի դեպ, հաճախ ինքնահակասող է: Այս մասին, այսօր՝ հունվարի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյան:

«Այսինքն տեղ-տեղ կարող են լինել կառուցողական հայտարարություններ, որոնց կարող են հաջորդել ապակառուցողական հայտարարություններ: Նույնը կիրառելիէ  Թուրքիայի դեպքում: Նույն զորավարժությունները ցույց են տալիս, որ Թուրքիայի ղեկավարությունը երբ հայտարարում է, թե ՀՀ-ի հետ կարող են նորմալանալ հարաբերությունները, առնվազն այնքան էլ հետեւողական չէ իր հայտարարություններում»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, Ռուբինյանը նկատեց, որ այդ գործընթացը դեռ տեղի չի ունեցել։ «Բնականաբար, միջավայրը, նաեւ Ադրբեջանի և՛ հռետորաբանությունը, և՛ գործողությունները ազդելու են այս գործընթացի արդյունավետ կամ ոչ արդյունավետ ընթացքի վրա, ինչը նաեւ կիրառելի է նաեւ ռազմագերիների վերադարձի համատեքստում»,-ասաց նա։