Ալիևը ստերով իր ժողովրդի գլուխը լցրել է, թե Հայաստան չի եղել, Ադրբեջան եղել է, հիմա մենք էլ այսօր ասում ենք՝ այո, Շուշին ադրբեջանական է եղել, վաղն էլ մի ուրիշ բան ենք ասելու։ Ես վրդովված եմ այդ հայտարարությունից, հատկապես բարձր ամբիոնից չի կարելի այդպիսի հայտարարություններ անել։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Շուշիի նախկին քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Շուշին հակամարտությունից և ազատագրումից առաջ ունեցել է 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն, և այդպիսի բնակչություն ունեցող Շուշին հայկակա՞ն է իր այդ կարգավիճակով։

«Ես այսպիսի մի բան կասեմ՝ երբ ՀՀ-ում սովետական շրջանում ադրբեջանցիներ էին գտնվում, օրինակ՝ Մասիսի շրջանում ադրբեջանցիներ են եղել, ուրեմն՝ Մասիսը ադրբեջանակա՞ն է եղել։ Բա ինչու՞ չեն ասում՝ Սումգայիթում ինչքան հայեր են եղել, Սումգայիթը հայկական քաղաք է եղել, ինչո՞ւ Գանձակի մասին չեն ասում, որ հայկական է եղել։ Ինչու՞ չեն ասում, որ 450-500 հազար հայեր են եղել Ադրբեջանում։ Դրանց մասին թող խոսեն։ Ու՞ր են մեր Շահումյանը, Գետաշենը, բա ինչու՞ չեն ասում, որ դրանք բուն հայկական են։ Շուշիում Լեո է ծնվել, Մուրացան է ծնվել, Նելսոն Ստեփանյան է եղել, ու շատ-շատ մեծեր են եղել։ Կարո՞ղ է ասեն՝ իրենք էլ են թուրքեր»,-ասաց Սարգսյանը։

Նա հարց հնչեցրեց՝ տանուլ տալով, հողերը տալով, զիջելով՝ հիմա էլ պատմությու՞ն ենք զիջում։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում