Ռուսական «Նեզավիսիմայա գազետա» պարբերականի լրագրող Յարոսլով Ինորոդցևն անդրադարձել է Արցախում եկեղեցիների և կրոնական ժառանգության պատկանելիության թեմային, ներկայացրել, թե ինչպես է Ադրբեջանը հետևողականորեն փորձում «ապահայկականացնել» քրիստոնեկան ժառանգությունը:

Ստորև ներկայացնում ենք հեղինակի հոդվածը.

«Քրիստոսի ծննդյան օրը, գրիգորյան տոմարով հունվարի 6-7-ին, չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կազմում մինչև վերջերս գտնվող հինավուրց տաճարում Ադրբեջանի ալբանա-ուդիական համայնքի ներկայացուցիչները երկրպագության արարողություն են իրականացրել: Այս առնչությամբ համայնքի պաշտոնական կայքը հայտնել է «երկար տարիների մեջ առաջին անգամ Քարվաճառի հին ալբանական Խուդավենգ վանքում իրականացված աղոթքի մասին»:

Բացի այդ, նույն կայքում հստակեցվել է, որ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուց ի վեր Քարվաճառի շրջան կատարված այցն ուդիների կողմից թվով երրորդն էր:

«Առաջին այցը տեղի է ունեցել դեկտեմբերի 4-ին, երկրորդը՝ դեկտեմբերի 30-ին: Ուդի ժողովուրդը միակ ժողովուրդն է, որը քրիստոնեությունը ժառանգել է Կովկասյան Ալբանիայի հնագույն պետությունից: Խուդավենգի վանական համալիրը 6-7-րդ դարերի Կովկասում ալբանական քրիստոնեության ժամանակաշրջանի հուշարձան է: Երկար տարիներ այն հայերը ամբողջ աշխարհին ներկայացրել են որպես հին հայկական եկեղեցի»,- գրել է կայքը:

Այս առնչությամբ հեղինակը հոդվածում մատնանշում է, որ Խուդավենգը կամ Խուդավանքը, որտեղ ժամանել են իրենց հին Կովկասյան Ալբանիայի բնակիչների ժառանգներ համարող այս մարդիկ, իրականում Դադիվանքն է:

«2020-ի դեկտեմբերի սկզբին հայկական զինված ուժերը լքել են Քարվաճառի շրջանը, որտեղ էլ գտնվում է վանքը, և այդ տարածքն անցել է Բաքվի վերահսկողության տակ», — նշում է նա ու հավելում, որ այնուամենայնիվ, վանքը հսկում են ռուս խաղաղապահները:

Մեջբերելով ռուս խաղաղապահ ուժերի շտաբի պետի տեղակալ, գնդապետ Դմիտրի Պերեպելկինի՝ հունվարի 15-ի այն հայտարարությունը, թե «տոնական արձակուրդների ընթացքում ինչպես Հայաստանից, այնպես էլ Ադրբեջանից ուխտավորների մուտքը տաճար ապահովված է եղել», Ինորոդցևը ենթադրում է, որ «պետությունների միջև վեճի առարկա դարձած այս հնագույն վանքը փաստացի դարձել է հայ և ուդի համայնքների համատեղ օգտագործման ենթակա կառույց»:

Անդրադառնալով Ադրբեջանում բնակվող ուդի քրիստոնեական համայնքի թեմային, հեղինակը շեշտում է, որ իրականում վերջիններս Բաքվի համար գործիք են դարձել՝ շրջանի հին քրիստոնեական սրբավայրերից հայերին վտարելու համար:

«Միջնադարում հայկական և ալբանական եկեղեցիների պատմությունը սերտորեն փոխկապակցված է եղել`միավորված նրանց ընդհանուր հավատով: Որոշ ժամանակներում Կովկասյան Ալբանիան իսկապես գտնվել է ներկայիս Լեռնային Ղարաբաղի շրջանում, սակայն ներկայումս այս «ալբանական թեման» օգտագործվում է հայ եկեղեցու պատմական իրավունքը ինչպես տարածքների, այնպես էլ հին քրիստոնեության հուշարձանների նկատմամբ մերժելու համար»,- ընդգծում է լրագրողը:

Ինչ վերաբերում է հունվարի 15-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Շուշի կատարած այցին, որը նույնպես Բաքվի վերահսկողության տակ է անցել Լեռնային Ղարաբաղում զինված առճակատմանը վերջ դնող եռակողմ հայտարարության հետևանքով, հեղինակը նշում է՝ այն մեծ վրդովմունք է առաջացրել Հայաստանում, քանի որ «Ադրբեջանի ղեկավարն այստեղ այցելել է Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց ավերված տաճար»:

Այս առումով հեղինակը հոդվածում վստահեցնում է, որ չնայած Ալիևի դեկտեմբերյան հավաստիացումներին, այն է՝ ապահովել հավատացյալների մուտքը ԼՂ եկեղեցիներ, Բաքուն հետևողականորեն քարոզում է ԼՂՀ-ից նվաճված ողջ տարածքներում քրիստոնեական ժառանգության «ապահայկականացումը»:

«Գրավված ալբանական գրեթե բոլոր 128 տաճարները, ներառյալ Քարվաճառի Դադիվանք տաճարը, Քաշաթաղի Աղաօղլան տաճարը, Մարտակերտի Գանձասարի տաճարը և Մարտունում շրջանի Ամարասի եկեղեցիները վերափոխվել են հայկական տաճարների: Հայաստանը հատուկ քաղաքականություն էր վարում Ադրբեջանի պատմական, կրոնական և մշակութային հուշարձանների հետ կապված», — հունվարի 14-ին AzTV-ի «Հիմնական հարցը» հաղորդման ժամանակ նման տեսակետ է հայտնել Ադրբեջանի կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական կոմիտեի ղեկավարի տեղակալ Գյունդուզ Իսմայիլովը:

Միևնույն ժամանակ, հեղինակի խոսքով, Բաքուն հետևողականորեն առաջ է տանում մուսուլմանական հուշարձաններին վնաս հասցնելու թեման, որը, իբր թե, հասցրել է ԼՂՀ վարչակազմը երեք տասնամյակների ընթացքում:

Ինորոդցևը բացատրում է, որ այս առումով Ալիևը, որպես դաշնակիցներ, ներգրավել է միջազգային իսլամական հանրությանը:

«Կրթության, գիտության և մշակույթի իսլամական կազմակերպությունը (ISESCO) տեխնիկական առաքելություն կուղարկի տարածաշրջան` վերանայելու «Ղարաբաղում Հայաստանի կողմից ավերված պատմական, մշակութային և կրոնական ժառանգության հուշարձանները: Վերադառնալուն պես մենք մոբիլիզացնելու ենք մեր փորձագետների թիմը: Այն կազմված կլինի մասնակից երկրների ներկայացուցիչներից: Հուսով ենք, որ փետրվարի վերջին տեխնիկական խումբը կայցելի Ադրբեջանի կողմից գրավված տարածքներ», — հայտնել է կազմակերպության գործադիր տնօրեն Սալիմ բին Մուհամեդ ալ-Մալիքը»: