Հայաստանյան ներքաղաքական դաշտում լուրջ վերադասավորումներ են սպասվում։ Իշխանությունների՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու առաջարկը, չնայած այն հանգամանքին, որ արմատական ընդդիմության դիրքերից հանդես եկող ուժերը մերժել են, սակայն դրան զուգահեռ սկսել են նախապատրաստական աշխատանքներ իրականացնել։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ շարունակում է հանդիպումների շարքը գրպանային ընդդիմության հետ, տպավորություն ստեղծելով, թե քաղաքական դաշտում արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցում կա կոնսենսուս։

Միաժամանակ ներքաղաքական կյանքում ընթացող զարգացումներն իրենց հետ ծնում են նոր կուսակցությունների։ Դեռ նախորդ տարի քաղաքական հայտ էր ներկայացրել Դվինի սեփականատեր Արտակ Թովմասյանը։ Նիկոլ Փաշինյանին մերժելու որոշ ստանդարտ ակցիաներ իրականացնելուց և կոչեր ու տեսահոլովակներ նկարահանելուց հետո Թովմասյանի «թանկարժեք» կուսակցությունը սահուն կերպով համալրեց մյուս գրանցված, բայց չգործող քաղաքական միավորումների շարքին։

Irakanum.am-ի տեղեկություններով նոր քաղաքական ուժ ձեւավորելու գործին է լծվել նաեւ Սյունիքի նախկին մարզպետ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի խորհրդի անդամ Վահե Հակոբյանը՝ Վոգը։ Վերջինս կուսակցաշինության հիմքում հայրենի մարզն է դնելու՝ Սյունիքը։ Մեզ հայտնի դարձավ, որ Հակոբյանն արդեն իսկ որոշ հանդիպումներ է ունեցել, սեփական թիմը ձեւավորելու և ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացնելու ճանապարհին է, հայտարարել է փողը խնդիր չէ։

Ինչպես մեծահարուստ կուսակցապետ Թովմասյանի, այնպես էլ Հակոբյանի կուսակցությունը հանդես է գալու ընդդիմադիր դիրքերից, սակայն ակնհայտ է, որ երկուսի շանսերն էլ քիչ են։ Առաջինը՝ հանրությանն անծանոթ է, երկրորդը՝ ամուր թելերով կապված է նախկինների հետ։

Irakanum.am