«Հայաստան» համահայկական հիմնադրամը մեկնարկել է 44-օրյա պատերազմի վիրավոր զինծառայողների համար պրոթեզավորման և վերականգնողական բուժման ծրագիր, որն իրականացվում է Հիմնադրամի աշխարհասփյուռ գործընկերների և նվիրատուների միջոցով:

Հիմնադրամից  հայտնում են, որ Հիմնադրամը ծրագրի շրջանակում համագործակցում է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի հետ: Վերջինս մասնագիտացած է հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնողական բուժման արդյունավետ կազմակերպման գործում, որն իրականացվում է փորձառու մասնագետների կողմից:

Ծրագրի այս փուլում արդեն Հայաստան է բերվել նիդերլանդական արտադրության պրոթեզավորման գերժամանակակից լաբորատորիա: Հայրենիքի պաշտպանի կենտրոն կգործուղվի նաև հատուկ մասնագետ, որը կվերապատրաստի հայ բժիշկներին: Առաջին փուլով Հայաստան կուղարկվի 100 պրոթեզ: Այժմ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը հնարավորություն կունենա ընդունել և սպասարկել ավելի շատ զինծառայողի:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանի հավաստմամբ վիրավոր զինվորների աջակցության ծրագրերն ու նախաձեռնություններն այս պահին հիմնադրամի գործունեության առանցքային կետերից ու առաջնահերթություններից են.

«Մեր զինվորներին որակյալ պրոթեզներով ապահովելու նախաձեռնությունը սկսել էինք դեռևս պատերազմից  առաջ: Պատերազմը սկսվելուց  հետո, գիտակցելով, որ կունենանք նոր  վիրավորներ ու պրոթեզավորման կարիք ունեցող զինվորներ, հիմնադրամը բանակցություններ սկսեց  արտեկրի կազմակերպությունների  հետ, որպեսզի կարողանա նորագույն տեխնոլոգիաներով ու միջոցներով  ապահովել հաշմանադամություն ունեցողների կարիքները: Մենք պատրաստ ենք ներդնել այնքան գումար, որքան անհրաժեշտ է, որպեսզի մեր վիրավոր զինծառայողները հնարավորինս շուտ վերադառնան լիարժեք կյանքի»,- նշեց Հայկակ Արշամյանը և հավելեց, որ վիրավոր զինվորների վերականգնողական բուժման նպատակով  պատերազմից առաջ և հիմա էլ բազմաթիվ անհատներ ու կազմակերպություններ շարունակում են նվիրաբերություններ կատարել հիմնադրամին:

Հունվարի 23-ին ևս տեղի կունենա նմանատիպ դրամահավաք-միջոցառում, որը նախաձեռնել է System of A Down  մետալ-ռոք խումբը: Հավաքագրված միջոցների մի մասն ուղղվելու է ձեռքերի՝ ֆունկցիոնալ և բարձրորակ 30 պրոթեզի ձեռքբերմանը:

«Աջակցություն վիրավոր զինվորներին, զինվորական հաշմանդամներին» ՀԿ նախագահ Հայկուհի Մինասյանը նշեց.

«Հայրենիքի պաշտպանի կենտրոնը համալրված է գերժամանակակից տեխնոլոգիաներով ու սարքավորումներով, որոնք նույնիսկ բացակայում են աշխարհի առաջատար այլ լաբորատորիաներում: Այժմ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ համագործակցությամբ ստանալու ենք որակյալ և ֆունկցիոնալ պրոթեզներ, ինչը հնարավորություն կտա մեր զինծառայողների պրոթեզավորման և վերականգնողական բուժման գործընթացն իրականացնել և ապահովել ամենաբարձր մակարդակով»:

Հայրենիքի պաշտպանի կենտրոնում բուժվող 20-ամյա Ալեն Արտեմյանը  սեպտեմբերի 29-ին վիրավորվել է հրթիռահրետանային հարվածից  և կորցրել աջ ձեռքը: Լիարժեք կյանք վերադառնալուց հետո մեկ նպատակ ունի.

«Բուժման գործընթացը փուլ ուռ փուլ է անցնում: Անհամբերությամբ սպասում եմ  պրոթեզավորմանը, որպեսզի վերադառնամ իմ առօրյային և շարունակեմ ուսումս Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում: Մասնագիտությամբ ֆիզիոթերապևտ եմ և մեծ ցանկություն ունեմ հետագայում աշխատել հենց այս կենտրոնում՝ Զինվորի տանը»:

Կենտրոնի Գլխավոր վերականգնող բժիշկ Լուսինե Պողոսյանն էլ ասում է, որ ծրագրի արդյունքում վիրավորների վերականգնողական գործընթացն ավելի արդյունավետ կդառնա.

«Պրոթեզավորման գործընթացը ներառում է մի քանի  փուլ՝ նախապատրաստում, բուն պրոթեզավորում և արդեն  համապատասխան վերականգնողական բուժում: Շատ ավելի արդյունավետ է, երբ ամբողջ գործընթացն իրականացվում է միևնույն վայրում: Ամենակարևոր  հարցը, որն այս ծրագրով կլուծենք՝ վերականգնողական փուլի  ժամկետի  կրճատումն է»:

Նշենք, որ ծրագրի իրականացմանն իր մեծ աջակցությունն է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի Նիդերլանդների տեղական մարմինը:

«Հայաստան» համահայկական հիմնադրամը պատերազմի վիրավոր զինվորների պրոթեզավորման և վերականգնողական բուժում ստանալու համար ծրագրի այս փուլում հատկացրել է 1.5 միլիոն դոլար: