Հունվարի 18-ից մեկնարկած Ազգային Ժողովի ձմեռային նստաշրջանից առաջ տեղի ունեցած «Իմ քայլը» խմբակցության նիստը հարթ չի ընթացել։ Խմբակցության անդամները միմյանց հասցեին մեղադրանքներ են հնչեցրել։ Առավել ակտիվ են եղել խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանն ու Հայկ Սարգսյանը՝ շիշ բռնողը։ Վերջինս կոպիտ է խոսել խմբակցության այն պատգամավորների հետ ովքեր նոյեմբերի 9-ի խայտառակ փաստաթղթի ստորագրումից հետո որեւէ ծպտուն չեն հանել, առանց ավելորդ աչքի ընկնելու էլ այս երկուսուկես տարի եկել են խորհրդարան, կոճակ սեղմել, բայց աշխատավարձ ու պարգևավճար ստացել։ Նրանց կոչ է արվել ակտիվություն դրսեւորել, հարցազրույցներ տալ, ելույթներ ունենալ՝ պաշտպանելով քաղաքական թիմին ու նրա վարած ներքին ու արտաքին քաղաքականությունը։

Ներկաներից մի քանիսին դուր չի եկել հանգամանքը, որ ոմն Հայկ Սարգսյան իրենց հետ նման տոնով է խոսում և սպառնացել են, որ տեղի ունեցածի մասին կհայտնեն Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա կատարած այցից վերադառնալուց հետո։

Irakanum.am-ի աղբյուրների փոխանցմամբ նեղսրտած են հատկապես խորհրդարանում՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի թիմակից պատգամավորները, ովքեր խմբակցության նիստից հետո շտապել են կառավարություն։ Մեզ հայտնի դարձավ, որ առաջիկայում «Իմ քայլը» խմբակցությունը լքողներ էլի կլինեն։ Չնայած որոշ սպառնալիքների և կոմպրոմատների, որոնք դրվել և դրվելու են նրանց առաջ, հիշյալ պատգամավորները, որոնց անուններն այս պահին չենք հրապարակի իրենց աչքի առաջ ունեն այն պատգամավորների փորձը, որոնք խմբակցությունը լքել են, բայց խնդիրների առաջ չեն կանգնել։

Irakanum.am