Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանը չի անդրադառնում մամուլում տարածվող լուրերին՝ արդյոք առաջարկ ստացել է՝ լինել Շիրակի մարզպետ։

«Արդեն քանի օր է՝ այդ լուրը շրջանառության մեջ է, ես այդ լուրին չեմ արձագանքել, չեմ էլ արձագանքի։ Երբ պետք լինի, կխոսեմ, իսկ եթե չեմ խոսում, լուրեր ամեն օր էլ կարող են իրենց երևակայությանը զոռ տան ու գրեն, ամեն օր թողնեմ գործերս ինչ-որ լուր հաստատե՞մ կամ հերքե՞մ», — Aysor.am-ի հետ զրույցում ասաց Մարտուն Գրիգորյանը։

Հարցին՝ բացառե՞նք, որ կարող է նշանակվել Շիրակի մարզպետ, Գրիգորյանն արձագանքեց. «Թող երկիրը լավ լինի, կարևոր չէ՝ մարզպետ ես կլինեմ, թե չէ»։

Շիրակցի նախկին պատգամավորն ասաց, թե երկրի վիճակը շատ ծանր է։

«Կկարողանա՞նք դուրս գալ այս իրավիճակից, թե՞ չէ, այս պահին դժվարանում եմ ասել, բայց որ ցանկությունը մեծ է, որ շատ արագ այս վիճակից դուրս գանք, փաստ է», — ասաց Գրիգորյանը:

Հիշեցնենք՝ հունվարի 15-ին Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել: