ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է բնակարանային գողության,  գողության փորձի, գողության կատարմանն օժանդակելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, հաղորդում է Քննչական կոմիտեն:

Իրականացված քննչական եւ այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ գողության, գողության փորձերի դեպքերը կատարվել են 2020թ. մայիսից մինչեւ նույն թվականի սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում: Դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր, որոնք վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ հետագայում միացվել են մեկ վարույթում՝ փաստական հանգամանքներով պայմանավորված, բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննություն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով:

Պարզվել եւ հիմնավորվել է, որ Երեւան քաղաքի բնակիչ, 34-ամյա տղամարդը, նախնական համաձայնության գալով իր ընկերոջ հետ, ծրագրել եւ փորձել են իրականացնել  ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն:

Այդ նպատակով 2020թ. մայիսի 7-ին վերջիններս ավտոմեքենայով ուղեւորվել են Երեւան քաղաքի Ավան վարչական շրջանի Դուրյան թաղամաս, որտեղ նախապես վերցրած տեխնիկական միջոցների գործադրմամբ, 34-ամյա տղամարդը փորձել է մուտք գործել նշված թաղամասի բնակարաններից մեկը, սակայն չկարողանալով բացել տան մուտքի դռան փականը, իր կամքից անկախ հանգամանքներում, հանցագործությունն ավարտին չի հասցրել եւ հեռացել է: Այդ ընթացքում նրա ընկերն սպասել է շենքի մուտքում՝ հսկելով տարածքը եւ վերացնելով խոչընդոտները։

Նույն օրը, գողություն կատարելու դիտավորությամբ, գնացել են նույն թաղամասի մեկ այլ շենք եւ իրենց հետ նախապես վերցրած տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են բնակարաններից մեկի մուտքի դռան փականը, ապօրինի մուտք են գործել ներս եւ այնտեղից գաղտնի հափշտակել ոսկյա ու արծաթյա զարդեր եւ հեռուստացույց՝ տանտիրոջը պատճառելով զգալի չափերի գույքային վնաս։

Բացի այդ, 2020թ. սեպտեմբերի 25-ին՝ ժամը 23։00-ի սահմաններում, 34-ամյա տղամարդը պատահական տաքսի ավտոմեքենայով ուղեւորվել է դեպի Երեւան քաղաքի Նոր Նորքի 4-րդ զանգված, որտեղ տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել է բնակարաններից մեկի պատշգամբի պատուհանը, ապօրինի մուտք գործել ներս, խառնել բնակարանում առկա իրերը, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ հենց դեպքի վայրում բռնվել է ոստիկանության աշխատակիցների կողմից:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ 34-ամյա տղամարդը, որը գողություն կատարելու կասկածանքով ձերբակալվել էր դեռեւս 2020թ. մայիսի 9-ին եւ որի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը դատարանի կողմից հետագայում չի երկարացվել, արգելանքից ազատ արձակվելուց հետո էլ, խախտելով իր նկատմամբ ընտրված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցի հիմքերը, շարունակել է իր հանցավոր գործունեությունը:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաեւ այն մասին, որ քրեական գործով մյուս մեղադրյալը՝ 34-ամյա տղամարդու ընկերը, մեկ այլ՝ գողության դեպքի առթիվ դատարանում քննված քրեական գործով հանդիսացել է ամբաստանյալ, որի նկատմամբ կիրառվել է համաներում, եւ նա ազատ է արձակվել: Սակայն վերաքննիչ բողոքի արդյունքում վերջինիս պատժաչափը փոփոխվել է, եւ նրա նկատմամբ սահմանվել է ավելի խիստ պատիժ: Եվ քանի որ խուսափել է պատժի կրումից, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, սակայն հետագայում հայտնաբերվել եւ ձերբակալվել է՝ վերոհիշյալ քրեական գործով։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 34-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի (գողության փորձ) 3-րդ մասի 1.1 կետով (2 դրվագ) եւ 177-րդ հոդվածի (գողություն) 3-րդ մասի 1.1 կետով, իսկ վերջինիս ընկերոջը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-177-րդ հոդվածի (գողության փորձին օժանդակելը) 3-րդ մասի 1.1 կետով եւ 177-րդ հոդվածի (գողություն) 3-րդ մասի 1.1 կետով։ 34-ամյա տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: