Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 20-ին այցելել է հանրապետության արտաքին գործերի նախարարություն, որտեղ հանդիպում է ունեցել կառույցի ղեկավար կազմի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել է Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետեւանքով Արցախում ստեղծված իրավիճակին, արտաքին ու ներքին քաղաքականությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող, ինչպես նաեւ հումանիտար բնույթի հարցերի լայն շրջանակ:

Նախագահ Հարությունյանը շեշտել է, որ երկրի արտաքին քաղաքականության գերակա ուղղությունը հանդիսանում է Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումը, ինչը պետք է ձգտել իրականացնել նաեւ քաղաքական գործիքակազմով, ներառյալ՝ միջազգային սուբյեկտայնության բարձրացման միջոցով: Այս առումով, ըստ երկրի ղեկավարի, չափազանց կարեւոր է Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության ողջ ներուժի խելացի եւ հետեւողական կիրառումը երկրի առջեւ ծառացած մարտահրավերներին դիմակայելու գործում:

ԱՀ արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը շնորհակալություն է հայտնել նախագահ Հարությունյանին անմիջական քննարկումների եւ ապագայի հեռանկարների շուրջ մտքերի փոխանակման համար՝ դրանք համարելով օգտակար եւ պահանջված։