Ռուսաստանի Դաշնության պետդուման կդիմի կառավարությանը, որպեսզի այն աջակցություն տրամադրի Դոնեցկի, Լուգանսկի, Մերձդնեստրի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի՝ ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում գտնվող բնակչությանը COVID-19-ի դեմ պատվաստումներ անցկացնելու մասով: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է՝ այս կապակցությամբ հարցում կուղարկվի կառավարություն՝ պատվաստումների ժամկետների և ծավալների վերաբերյալ տվյալների ստացման համար:

«Պատվաստումների հարցում այս տարածքներում մարդկանց պարզապես օգնող չկա», – լրագրողների հետ զրույցում ասել է ԱՊՀ գործերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:

Նրա խոսքով՝ այդ տարածքների բնակիչներին պետք է տրամադրել ռուսական պատվաստանյութեր:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, հունվարի 18-ին ՌԴ մարզերում բնակչության բոլոր շահագրգիռ խմբերի համար սկսվել է կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումը:

Ռուսաստանցիները կարող են անվճար գրանցվել` երկու պատվաստանյութերից մեկը՝ «Սպուտնիկ V»-ն կամ «Эпиваккорона»-ն ստանալու համար: