Երբ 2,5 տարի փորձում են դատապարտել Շուշին և Քարվաճառը ազատագրածներին, դա նպաստում է նրան, ինչ տեղի ունեցավ երկու ամիս առաջ: Կա ասացվածք, երբ ազգը չի գնահատում իր հերոսներին, մնում է առանց հերոսների: Այս մասին այսօր դատական նիստի ժամանակ ասաց ՀՀ 2֊րդ նախագահ, «Մարտի 1֊ի» գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը։

ՀՀ երկրորդ նախագահն անդրադարձավ 2020֊ին ՀՀ֊ում սահմանված արտակարգ դրությանն ու ռազմական դրությանը։ Նրա խոսքով` իր նկատմամբ մեղադրանքի «մեխը» արտակարգ դրություն սահմանելն է: Բացի այդ, նա նշեց,որ պատերազմն ավարտվել է, սակայն ռազմական դրությունը չի հանվել, իսկ կորոնավիրուսի դեմ պայքարի քողի տակ արտակարգ դրության ռեժիմը շարունակվում է:

«Դուք դա նորմա՞լ եք համարում»,֊ խոսքն ուղղելով դատախազությանը՝ ասաց Քոչարյանը։ «Ռազմական դրության ժամանակ թուրքը մտնում է Շուռնուխ և պահանջում ազատել տները: Պետության գլխավոր գործառույթը սահմանների պաշտպանությունը չէ՞: Որտե՞ղ է խախտվել սահմանադրական կարգը՝ այս դեպքո՞ւմ, թե՞ մարտի 1-ին: Ես կարող եմ ժամերով թվարկել այդպիսի օրինակներ», ֊ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Նրա խոսքով` Հայաստանի պատմության մեջ երբեք ստորացված քաղաքացի չի եղել: Անդրադառնալով մեղադրող դատախազին՝ Քոչարյանն ասաց. «Ինձ համար տղամարդու պահվածքում ամենաանընդունելին հիստերիան է: Եթե նրան ինչ-որ բան դուր չէր եկել, կարող էր ընդմիջմանը մոտենալ եւ նորմալ խոսել: Այդ ի՞նչ պահվածք է: Դա հարիր չէ նման պաշտոնյային»:

Ռոբերտ Քոչարյանի խոսքով` մարդիկ աջակցեցին այն պաշտոնյաներին, որոնք ուղիղ կապ ունեն տեղի ունեցածի՝ տարածքների կորստի, մահերի, առ այսօր անհետ կորած զինծառայողների հետ։ Ըստ նրա՝ դա արվել է գիտակցաբար, թե անգիտակցաբար,միևնույն է՝ նպաստել են դրան: