Արման Աթաբեկյանը եւ Մհեր Զուրաբյանը մանկության ընկերներ են, Տավուշի մարզի Բերդավան գյուղից։ «Մանկությունն ենք հիշում, նրանց կատակները, արդեն հիշողություններով ենք ապրում։ Իրար տուն ենք գնում՝ հայացքներս իրարից փախցնելով։ Մի դասարանից երեք տղա է զոհվել՝ Արմանս, Մհերն ու Գրիշան»,- ասում է Արման Աթաբեկյանի մայրը՝ Նաիրա Գաբոյանը։

Միջին դպրոցն ավարտելուց հետո Արմանը Նոյեմբերյանի պետական քոլեջ է ընդունվել, ուսումը չավարտած՝ 2019-ի դեկտեմբերին, զորակոչվել է, ծառայության անցել Մատաղիսում։ Մի քանի ամսվա զինծառայող էր, երբ Մհերը Գյումրիի զորամասից տեղափոխվել է Մատաղիսի զորամաս, իսկ վեց ամիս հետո երկուսին էլ տեղափոխել են Թալիշ։

«Իր ուզած Ղարաբաղն էլ եղավ, իր ուզած Թալիշ էլ հասավ։ Միշտ գոհ էր ամեն ինչից։ Միակ բանը, որից դժգոհում էր, կարոտն էր…. Նա ոչ միայն Արցախն է պահել, այլև՝ մեզ։ Արմանը մտածել է, որ իր տունն ու ընտանիքն է պաշտպանում, սահմանի էրեխու մտածելակերպն ուրիշ է»,- ասում է Արմանի մայրը։

Արմանի հայրը՝ Սանասարը, վառարանի մոտ նստած պատուհանից դուրս է նայում, ժամանակ առ ժամանակ շրջվում է դեպի մեզ, մի երկու բառ ասում։

«Էդպես էլ չասավ, որ կրակում են, հարցրի, ասաց՝ ամեն ինչ լավ է։ Չէր էլ ասել, որ վիրավոր է եղել, հոսպիտալից զանգել էր, ասում էր՝ ոտը ոլորվել է, բայց ես արդեն հասկանում էի՝ վիրավոր էր», — ասում է Սանասարը։

Մանրամասները՝ hetq.am կայքում