Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերեւութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց եւ դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։

Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար։

Տավուշի մարզի Նոյեմբերյան-Ջուջեւան ավտոճանապարհը եւ Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար։

Երեւան-Սեւան ավտոճանապարհի 13-27-րդ կմ-երին, Գեղարքունիքի մարզի բոլոր ճանապարհներին, Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածում (դժվարանցանելի) տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Արագածոտնի, Արարատի, Սյունիքի, Կոտայքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու, Շիրակի մարզերում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում (մերկասառույց, մառախուղ) տեղում է ձյուն։

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի ավտոճանապարհները դժվարանցանելի են։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից եւ ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնահյուսի վտանգի պատճառով փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար, ինչպես նաեւ ռուսական կողմում կա կուտակված 730 բեռնատար ավտոմեքենա:

ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով։