ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը կոչ է անում ձեռնպահ մնալ բամբասանքային բնույթի տեղեկություններ հրապարակելուց։

«Այսօր «Փաստ» թերթը առանց տեղեկատվության որևէ աղբյուր նշելու, ավանդական դարձած՝ «իրենց տեղեկություններին» հղումով նյութ է հրապարակել պետական դավաճանության մասին հաղորդումներում քրեական գործ հարուցելու, վարչապետի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու բավարար հիմքերի առկայության մասին, իբր, ՀՀ գլխավոր դատախազի կողմից նեղ անձնական միջավայրում արտահայտվելու վերաբերյալ:

Ավելորդ է, թերևս, ասել, որ հրապարակման մեջ նշված հանգամանքներն ամբողջությամբ հերյուրանք են:

Ընթացիկ քրեական վարույթները նեղ անձնական միջավայրում քննարկելու առարկա չեն: Ստացվող տեղեկությունների, փաստերի առկայության, հաղորդումների ներկայացման դեպքում ձեռնարկվում են պատշաճ դատավարական գործողություններ: Իսկ դատախազությունը դրանց արդյունքների մասին իր մոտեցումները ձևավորում ու արտահայտում է կայացվող համապատասխան դատավարական որոշումների կամ դրանց օրինականության ստուգման իր գործառույթների իրացման արդյունքում, այլ ոչ թե դրանց շուրջ անձնական միջավայրերում վարվող զրույցների մակարդակով:

Կրկին գործընկերներիս հորդորում եմ ձեռնպահ մնալ նման բամբասանքային բնույթի տեղեկություններ հրապարակելուց, առավելևս՝ մամուլի տեսության ժանրի իմաստի ու նպատակների խեղաթյուրմամբ այդպիսիք տիրաժավորելուց», — Facebook-յան իր էջում գրել է Աբրահամյանը։

«Փաստ» թերթը գրել էր, թե իր տեղեկություններով՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վերջերս նեղ անձնական միջավայրում անկեղծացել է իր շուրջ ծավալվող իրադարձությունների առնչությամբ։

Մասնավորապես, ըստ թերթի աղբյուրի, նա նշել է, որ պետական դավաճանության մասին հաղորդումները պարունակում են բավարար հիմքեր քրեական գործ հարուցելու և Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար։