Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը կիրակի օրը նախազգուշացրել է, որ Իրանը «չի ամաչում» ագրեսորներին ոչնչացնելու համար՝ նշելով, որ 1980 թվականին Իրան ներխուժած Սադամ Հուսեյնի բանակի պարտությունը լավ օրինակ է հնարավոր զավթիչների համար: Այս մասին հայտնում է իրանական Tehran Times լրատվականը:

Իրանի գլխավոր դիվանագետի սպառնալիքներն արվել են այն բանից հետո, երբ կիրակի առավոտյան իսրայելական օդային տարածքով ամերիկյան երկու B-52 ռմբակոծիչներ շարժվել են դեպի Պարսից ծոց:

«Չնայած մենք պատերազմ չենք սկսել ավելի քան 200 տարի, մենք չենք խուսափում ագրեսորներին ջախջախելուց: Պարզապես հարցրեք ձեր լավագույն ընկերներին, ովքեր սատարել են Սադամին», — գրել է Զարիֆը թվիթերյան օգտահաշվում:

Զարիֆը Սպիտակ տանը խորհուրդ է տվել Իրանին վախեցնելու նպատակով B-52 ռմբակոծիչների թռիչքի փոխարեն այդ առաքելությունների համար ներդրված մեծ ծախսերն ուղղել երկրի առողջապահության ոլորտին, համավարակի հետևանքով մահացող ամերիկացիների թիվը կրճատելու նպատակով:

«Եթե ձեր ռմբակոծիչները նպատակ ունեն վախեցնել կամ զգուշացնել Իրանին, ապա դուք այդ միլիարդները պետք է ծախսեիք ձեր հարկատուների առողջության վրա»,-նշել է Զարիֆը:

Լրատվականը նշում է, որ ամերիկյան B-52 ռմբակոծիչներն արդեն հինգերորդ անգամ են թռչում այդ տարածքում: