Աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը մեկնարկել է   Շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ այցով։

Նախարարն աշխատակազմին է ներկայացրել Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Խաչատրյանին  և աշխատակազմի հետ անցկացրել է առաջիկա անելիքների ու  2021 թվականին գրասենյակի գործունեության նախանշած ուղղությունների վերաբերյալ խորհրդակցություն։

Խորհրդակցությանը մասնակցել է ոլորտը համակարգող փոխնախարար Աննա Մազմանյանը։

Նախարարն անդրադարձել է գրասենյակում կատարված աուդիտի արդյունքներին և իր դժգոհությունը հայտնել կատարված աշխատանքների արդյունավետության, իրականացվող ծրագրերի նկատմամբ վերահսկողության որակի վերաբերյալ՝ հորդորելով գործընկերներին միասին նոր փուլի մեկնարկ հայտարարել՝ շտկելով նախկինում որդեգրած աշխատելաոճը։ «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակում ծրագրերը պետք է կյանքի կոչվեն ճիշտ գործիքակազմի կիրառման, օբյեկտիվ մրցույթների իրականացման, կապալառուների ու ներդրողների ներգրավման  միջոցով։»

Նախարար Պետրոսյանը  տեղեկացրել է, որ գրասենյակում առաջիկայում նախատեսված է ևս մեկ արտաքին աուդիտ։

«Մենք պետք է լուրջ հետևություններ անենք  ստեղծված իրավիճակից և այսուհետ մեր քայլերով բացառենք արգահատելի երևույթները։ Այսպես չենք շարունակելու։ Պետության շահերի թիկունքում  չի սպասարկվելու որևէ այլ շահ։ Ես չեմ հանդուրժելու անարդյունավետ կառավարում, երբ չկա որևէ շոշափելի արդյունք  ոլորտի ու պետության համար։ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակում այսուհետ որևէ ծրագիր չի իրականացվելու միայն թղթերով արդյունքներ ցույց տալու համար»։

Խոսքով հանդես եկան փոխնախարարը և ԲԾԻԳ-ի տնօրենի  նորանշանակ ժամանակավոր պաշտոնակատարը։

Եզրափակելով հանդիպումը, նախարարն աշխատակազմին ևս մեկ անգամ  հորդորել է վերանայել մոտեցումները, արդյունավետության նոր նշաձող սահմանել և հրաժարվել  նախկինում տեղ գտած արատավոր պրակտիկայից,  հույս հայտնելով, որ պարոն Խաչատրյանն արդյունավետ աշխատանք կտանի աշխատակազմի հետ և մոտ ապագայում մենք կունենանք օգտավետ գործող կառույց՝ պատասխանատու աշխատաոճով ու յուրաքանչյուր աշխատակցի անհատական ջանքով՝ ի նպաստ մեր պետության, շրջակա միջավայրի ու ՀՀ քաղաքացու։

ՀՀ ՇՄՆ «ԲԾԻԳ» ՊՀ-ը ստեղծվել է 2010թ-ին ՀՀ կառավարության №1191-Ն որոշմամբ՝  նախկինում գործած «Բնապահպանական ծրագրերի կենտրոն» ՊՈԱԿ-ի բազայի վրա, որն էլ «Բնական պաշարների կառավարման և չքավորության նվազեցման» ԾԻԳ պետական հիմնարկի իրավահաջորդն ու գործունեության շարունակողն էր:

«Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի գործունեության հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության բնապահպանության ոլորտի ծրագրերի արդյունավետ իրականացման ապահովումն է: Գործունեության հիմնական ոլորտներն են ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած՝ ՀՀ ՇՄՆ-ն և տարածքային կառավարման մարմինների, շրջակա միջավայրի ոլորտի, ՀՀ պետական բյուջեի, ինչպես նաև օտարերկրյա պետությունների ու միջազգային վարկատու և դրամաշնորհային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող միջոցների հաշվին մշակված ծրագրերը և աշխատանքները:

2019 թվականի փետրվարի 27-ին Կորեայի Հանրապետության Սոնգդո քաղաքում կայացած 22-րդ խորհրդի նիստի ժամանակ «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը հավատարմագրվել է Կանաչ կլիմայի հիմնադրամի խորհրդի կողմից։