Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի հերթապահ մասի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում 53-ամյա մի տղամարդ կամավոր հանձնել է Արցախից բերված «Կալաշնիկովի» գնդացիր ու 7,62 մմ տրամաչափի 20-ից ավելի փամփուշտ։ Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում Սևանում բնակվող մի տղամարդ կամավոր հանձնել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ պապին։

Ծովագյուղի բնակիչներից մեկն էլ Սևանի բաժին կամավոր հանձնել է դարձյալ հանգուցյալ պապին պատկանած նռնականետ, պայթուցիչով «Ֆ-1» տիպի նռնակ, ինքնաձիգի պահունակներ՝ լիցքավորված 60 փամփուշտով։ Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել նաև Գեղարքունիքի մարզային վարչության Վարդենիսի և Գավառի բաժիններում։ Կամավոր հանձնվել են «Կարաբին» և «ՏՕԶ» տիպի ակոսափող հրազեններ, ինչպես և տարբեր տրամաչափի մի քանի տասնյակ փամփուշտ ու պայթուցիկ նյութ։ Քաղաքացիները ապօրինի պահվող «ՏՕԶ» և «Կարաբին» հրացաններ են հանձնել նաև ոստիկանության Արտաշատի և Կումայրիի բաժիններում։ Կումայրիի բաժին հանձնվել են նաև տարբեր տեսակի նռնակներ ու ինքնաձիգի 30-ից ավելի փամփուշտ։ Երևանում բնակվող 34-ամյա մի տղամարդ էլ ոստիկանության ներքին անվտանգության վարչություն ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ Արաբկիրի բաժին հանձնել է գործարանային համարով «ՏՕԶ» հրացան ու 10-ից ավելի փամփուշտ։

Առանց գործարանային համարի «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու 7,62 մմ տրամաչափի 8 փամփուշտ ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հանձնել է մայրաքաղաքում բնակվող 67-ամյա մի տղամարդ։ Արդյունավետ էր նաև Քանաքեռ-Զեյթունի քրեական հետախույզների բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ Երևանում բնակվող մի կին բաժին է բերել հանգուցյալ ամուսնու «Կալաշնիկովի» ինքնաձիգը, փամփշտատուփ ու ինքնաձիգի 90 փամփուշտ։

Վերստին հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։ Այս համատեքստում ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: