«Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված «Զինվորական ծառայության և զինծառողի կարգավիճակի մասին» և «Պետական նպաստների» մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերին ԱԺ-ում դեմ քվեարկեցին, որոշումը չընդունվեց, նախագծին կողմ քվեարկեց 39, դեմ՝ 74 դեմ պատգամավոր։

Հիմնական զեկուցող, «Լուսավոր Ահայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը հայտարարեց, որ նախագծերը հետապնդում են ռազմական գործողությունների բերումով և խաղաղ պայմաններում գերության մեջ հայտնված և անհետ կորած պարտադիր և պայմանագրային զինծառայողների՝ զորահավաքային զորակոչով զորակոչված և կամավորագրված անձանց ընտանիքի անդամներին դրամական օգնություն տալու, ինչպես նաև գերության մեջ հայտնված քաղաքացիական բնակչության ներկայացուցիչներին ընտանիքների անդամներին պետական նպաստ սահմանելու նպատակ։

«Գործող իրավակարգերով ինչ-որ չափով նման հարցերը լուծվում են, բայց լուծվում են ոչ հիմնարար։ Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի օրենքի գործող դրույթներով զինծառայողի դրույքաչափը պահպանվում է և տրվում է ընտանիքին, եթե ապացուցվում է, որ նա կամովին չի լքել կամ որևէ հանցանքով գերի չի հայտնվել» -ասաց նա։

Պատգամավորը նշեց, թե Կառավարության որոշակի որոշումներով տրվում են փոխհատուցումներ, բայց այդ որոշումները գործում են միայն վերջին պատերազմի համար, այսինքն՝ այն քաղաքացիները, որոնք հայտնվել են գերության մեջ, և նոյեմբերի 9-ից հետո, երբ համարվում է, որ պատերազմն ավարտվել է, որևէ հնարավորություն չեն ունենալու ստանալ պետական աջակցություն։

«Քաղաքացիական անձանց գերի ընկնելու պարագայում հիմա որևէ կերպ որևէ փոխհատուցում նախատեսված չէ։ Կարող ենք ասել, որ ինչ-որ կերպ կան կարգավորումներ այս ոլորտում, բայց դրանք արված են «դզել-փչելու» մեթոդով։ Առաջարկում ենք հիմնարար փաթեթ, որով բոլոր քաղաքացիները, ովքեր հայտնվել են գերության մեջ կամ համարվում են անհետ կորած, նրանց ընտանիքները կստանան 200 հազար դրամ պետական աջակցություն»,- ասաց Գորգիսյանը։