Մոսկվայի օդանավակայաններում հետաձգել կամ չեղարկել են ավելի քան 40 չվերթներ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով թռիչքների չվացուցակի տվյալները:

Նշվում է, որ «Վնուկովո» օդանավակայանում 9 չվերթ է հետաձգվել, ևս չորսը՝ չեղարկվել: «Դոմոդեդովոյում» հետաձգվել են 16 թռիչքներ, իսկ մեկը՝ չեղարկվել է: «Շերեմետևոյում» հետաձգվել է 10 չվերթ, չեղարկվել՝ 4-ը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Ֆոբոս» եղանակային կենտրոնի առաջատար մասնագետը, հունվարի 17-ին Մոսկվայում սպասվում է անոմալ ցուրտ եղանակ:

Նախօրեին ՌԴ մայրաքաղաքում ձյան տեղումների պատճառով հետաձգվել կամ չեղարկվել էր ավելի քան 20 չվերթ: