ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի անունից պաշտոնատար անձինք միջուկային գործարքին վերադառնալու պայմանների շուրջ արդեն իսկ սկսել են Իրանի հետ բանակցություններ վարել: Այս մասին հայտնել է Իսրայելական հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ երդմնակալությունից մի քանի օր առաջ Բայդենի անունից պաշտոնատար անձինք Իսրայելին տեղեկացրել են, որ սկսել են Թեհրանի հետ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին (ԳՀՀԾ) վերադառնալու հնարավորությունների շուրջ բանակցությունները։

Բացի այդ, հեռուստաալիքը հաղորդել է, որ Իսրայելը «մտադիր է փորձել բարելավել իրանական միջուկային գործարքը և ահաբեկչական գործունեության աջակցության ու բալիստիկ հրթիռների իրանական ծրագրի համար սահմանափակումներ ներառել»։

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ ռազմական գործողությունների հնարավորությանը, ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփի նախագահության մնացած օրերին, հեռուստաալիքի կարծիքով՝ հարձակում չի լինի:

2015 թվականի հուլիսի 14-ին «վեցյակը» (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) և Իրանը հայտարարել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի հաստատման մասին:

2018 թվականի մայիսին ԱՄՆ-ն հայտարարել է դրանից միակողմանի դուրս գալու և իսլամական հանրապետության դեմ խիստ պատժամիջոցների վերականգնման մասին:

Իրանը մայիսի 8-ին հայտարարել է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) մի շարք կետերի կատարման դադարեցման մասին։