Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, ով օրեր առաջ հայտարարեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանին է ներկայացրել հրաժարականի դիմում, այս պահին էլ շարունակում է կատարել մարզպետի իր պարտականությունները։ Հունվարի 21-ին՝ հինգշաբթի օրը կառավարության նիստում, համապատասխան որոշմամբ Տիգրան Պետրոսյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից։ Վերջինիս հրաժարականի հայտարարությունից հետո մամուլում Շիրակի մարզպետի մի շարք թեկնածուների անուններ շրջանառվեցին։ Գյումրիում ևս այս օրերին խոսակցության հիմնական քաղաքական թեմաներից մեկը այն է, թե ով է նշանակվելու Հանրապետության ամենաաղքատ մարզի ղեկավարի պաշտոնում։
Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով իշխանական կուլիսներում քննարկվել է Իմ քայլը խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանի հնարավոր թեկնածությունը։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն, սակայն Բաղդասարյանը մերժել է առաջարկը։ Irakanum.am-ի հետ զրույցում Նազելի Բաղդասարյանը հայտարարեց․ Ես պատգամավոր եմ և ինձ տեսնում եմ բացառապես օրենսդիր մարնում։

Այսօր մամուլում տեղեկություն հրապարակվեց այն մասին, որ հնարավոր թեկնածուն կարող է լինել նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանը։ Սակայն մեր աղբյուրների փոխանցմամբ այս հարցի շուրջ որեւէ քննարկում չի եղել, հետևաբար Գրիգորյանի՝ մարզպետ նշանակվելու լուրերը իրականության հետ կապ չունեն։

Որպես հավանական թեկնածու քննարկվում է ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար Հովհաննես Հարությունյանի անունը: Նա մի քանի տարի բժիշկ-վիրաբույժի մասնագիտական գործունեություն է ծավալել Մոսկվայում: Ղեկավարել է Շիրակի մարզի «Բեռլին պոլիկլինիկան», իսկ 2018 թվականին նշանակվել է ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրենի տեղակալ՝ պոլիկլինիկական ծառայության գծով: Զբաղեցրել է առողջապահության նախարարի խորհրդականի, ապա՝ տեղակալի պաշտոնները:
Irakanum.am-ի աղբյուրները փոխանցեցին, որ առաջիկա երկու օրերի ընթացքում Հարությունյանը կնշանակվի Շիրակի փոխմարզպետ, իսկ Տիգրան Պետրոսյանի լիազորությունները դադարեցվելուց հետո՝ կառավարության համապատասխան որոշմամբ՝ մարզպետ։ Մենք տեղեկացանք, որ այսօր Հովհաննես Հարությունյանն արդեն իսկ հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին և տվել իր համաձայնությունը՝ կղեկավարի Շիրակի մարզը, լինելով 10 -րդ մարզպետը։

Փայլակ Ֆահրադյան