Նոյեմբերի 9-ի խայտառակ կապիտուլյացիայից հետո Հայաստանում կա երկու իրականություն. մեկում Երևանն է, որտեղ շատերն այդպես էլ ամբողջությամբ չեն գիտակցում պատերազմի ծանր հետևանքները, մյուսում՝ Սյունիքը, որն ընդամենը մեկ գիշերում այլևս դարձել է սահմանամերձ, և որի բնակիչները քնում ու արթնանում են ադրբեջանցի զինվորականներից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա՝ յուրաքանչյուր վայրկյան ահն ու սարսափը սրտներում:

Նույն երկու տարբեր իրականությունն է նաև Շուռնուխում և Որոտանում.փողոցի մի կողմում թշնամու զինվորները, մյուսում հայ գյուղացին՝ իր ընտանիքով ու երեխաներով, երկիրը կորցնելու երկյուղով , օր օրի ուժգնացող անհանգստությամբ: Մեկ գիշերում ու գրչի մեկ հարվածով սյունեցին դարձավ սահմանապահ, սպառնալիքի տակ դրվեց մի ամբողջ երկրի ու հաղթանակած ժողովրդի անվտանգություն` թանձր մշուշի մեջ առնելով բոլորի ապագան:

Այս ամենով հանդերձ, սակայն, որոտանցի ու շուռնուխցի փոքրիկները դեռ հավատում են՝ ամեն ինչ լավ է լինելու: Ասում են՝ մեծանալու են, զինվոր դառնան, որ հետ բերեն թուրքին հանձնած հայրենիքը, որ հաղթելու ենք, բայց այս անգամ իրականում, այլ ոչ թե ֆեյսբուքյան զուգահեռ իրականության մեջ…