Ադրբեջանի իշխանությունները մինչեւ ապրիլի 1-ը երկարացրել են հատուկ կարանտինային ռեժիմը, որը երկրում մտցվել էր կորոնավիրուսի համավարակի պատճառով: Այս մասին շաբաթ հայտնել է կառավարությանն առընթեր օպերատիվ շտաբը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Միաժամանակ, հաշվի առնելով Ադրբեջանում «վիրուսի տարածման դինամիկայի որոշակի կայունությունը», կառավարությունը որոշել է հունվարի 18-ից մեղմացնել սահմանափակումների մի մասը, որ մտցվել էին հատուկ կարանտինային ռեժիմի շրջանակում

Մասնավորապես՝ երկուշաբթիից երկրի 17 քաղաքներում եւ շրջաններում, ներառյալ Բաքվում եւ նրան հարակից Ապշերոնյան շրջանում չեղարկվում է տանից դուրս գալու SMS թույլտվությունը: Կառավարության որոշման համաձայն՝ հունվարի 25-ից գործունեությունը կվերսկսեն առեւտրի օբյեկտները՝ բացառությամբ խոշոր առեւտրի կենտրոնների եւ մոլերի, վարսահարդարման եւ գեղեցկության սրահների, թանգարանների եւ ցուցասրահների, ինչպես նաեւ կվերականգնվի երթեւեկությունը հանրապետության քաղաքների եւ շրջանների միջեւ: Մեղմացումների հաջորդ փուլում՝ փետրվարի 1-ից կվերակագնվի հանրային սննդի օբյեկտների՝ ռեստորանների, սրճարանների, թեյարանների աշխատանքը, որոնք կկարողանան հաճախորդներին տեղում սպասարկել 06:00-ից մինչեւ կեսգիշեր: