Ներկայիս պայմաններում, երբ հանրությանը հուզում են առանցքային բնույթ ունեցող հարցեր՝ պետական դավաճանության հանցակազմից մինչև ռազմագերիների օր առաջ լուծման ենթակա հարցը, մեր Դատախազությունը հայտարարություն է տարածում «Այբ» կրթական հիմնադրամի մասին։ Հայտարարությունը վերաբերում է պետության կողմից որպես (բառացի եմ մեջբերում) նվիրատվության 8․3 մլն դրամ վատնմանը։ Դասական անհեթեթություն։ Իսկ առիթը, բնականաբար, ԿԳՄՍ նախարարի գրությունն է։

Պարզապես տեղեկացնեմ՝ «Այբ» կրթական հիմնադրամը և հիմնադրամի աջակիցներն արդեն բոլորին հայտնի Համահայկական հիմնադրամին պատերազմական պայմաններում փոխանցել էր 125,000 ԱՄՆ դոլար, այսինքն՝ շուրջ 65 միլիոն դրամ։ Համահայկական հիմնադրամի մասով, իհարկե, քրեական գործ չի հարուցվել՝ չնայած դրա ակնհայտ առիթների առկայությանը։ Իսկ ինչ վերաբերում է հենց այս «քրեական գործի» հարուցմանը, բոլորին պարզ է, որ 3 տարի կրթության հայտնի նախարարի ջանքերի, խելակորույս խնդրանքների արդյունքն է։ Բայց հիշում եք, չէ՞, հարյուրավոր միլիոնենրից էր խոսում «հայտնի նախարարը»։

Քրեադատավարական և քրեաիրավական ոչ մի հեռանկար չունեցող քրեական գործ է, որն ինչպես հարուցվել է, այդպես էլ քրեական հետապնդումը դադարեցվելու է։