Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերեւութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց եւ դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։

Մ-6 միջպետական նշանակության ավտոճանապարհի Հաղպատի խաչմերուկից մինչեւ Նեղոց ճանապարհահատվածը հունվարի 15-ին, ժամը 13:30-ից մինչ 17:00-ն պայթեցման աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից եւ ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնահյուսի վտանգի պատճառով փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար, ինչպես նաեւ ռուսական կողմում կա կուտակված 100 բեռնատար ավտոմեքենա:

ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով։