Yerkir.am-ի հարցմանն ի պատասխան՝ Ազգային ժողովի աշխատակազմը գրավոր տեղեկացրել է (կցվում է), որ պատգամավորներն ու աշխատակազմը 2020 թ. սեպտեմբերին ևս ստացել են պարգևատրում՝ ամսական պաշտոնային դրույքի 75 տոկոսի չափով:

Փաստորեն, COVID-19 համավարակի շարունակվող հետևանքների, տվյալ պահին արձանագրված շուրջ 6 տոկոս տնտեսական անկման և խորացող սոցիալական ճգնաժամի պայմաններում, ինչպես նաև պատերազմական առաջին օրերին ԱԺ 131 պատգամավորները նախորդ տարվա սեպտեմբերին ստացել են՝

—       շուրջ 65 միլիոն դրամ պարգևատրում,

—       87 միլիոն դրամ աշխատավարձ,

—       միասին՝ 152 միլիոն դրամի չափով վարձատրություն:

Մեկ պատգամավորի հաշվով վարձատրությունը սեպտեմբերին կազմել է 1 միլիոն 160 հազար դրամ, որը շուրջ 37 անգամ գերազանցում է անապահով մեկ ընտանիքին տրամադրվող ամսական նպաստի միջին չափը:

ԱԺ աշխատակազմի 603 աշխատողների պարգևատրումը սեպտեմբերին կազմել է շուրջ 127 միլիոն, աշխատավարձը՝ 169 միլիոն, իսկ ամբողջական վարձատրությունը՝ 296 միլիոն դրամ:

Այսպիսով՝, 2020 թ. սեպտեմբերին ԱԺ պատգամավորներն ու աշխատակազմը ստացել են 192 միլիոն դրամի չափով (շուրջ 400.000 դոլար) պարգևատրում:

Ընդ որում, 2020 թ. պետական բյուջեով ՀՀ ԱԺ պատգամավորների և աշխատակազմի աշխատավարձերի ու պարգևատրումների համար նախատեսված էր շուրջ 4 միլիարդ, միայն պարգևատրումների համար՝ շուրջ 900 միլիոն դրամ:

 

 

No description available.